«Փաստինֆոն» շարունակում է ներկայացնել իրավական համակարգի առանցքային պաշտոններում ներգրաված անձանց հայտարարագրերը։ Այս անգամ ներկայացնում ենք հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի 2023 թ-ի տարեկան հայտարարագիրը։
2023-ին Խաչատրյանն հայտարարագրել է 3 բնակարան և մեկ հողամաս Քանաքեռ-Զեյթուն համայնքում, ընդ որում՝ բնակարաններից 2-ը նա ձեռք է բերել գործող իշխանության օրոք՝ մեկը 2019-ին՝ Հատուկ քննչական ծառայության պետի պաշտոնում նշանակվելուց ամիսներ անց, իսկ մյուսը՝ 2021 թ-ին՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ նշանակվելուց 2 ամիս անց։
2023 թ-ը նույնպես Խաչատրյանի համար առանց ձեռքբերումի չի անցել, նա 8 մլն դրամով ձեռք է բերել PORSCHE մակնիշի ավտոմեքենա։
2023 թ-ի տարեվերջին Խաչատրյանը հայտարարագրել է «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ին փոխանցած 28 մլն դրամի փոխառություններ, միաժամանակ, տարեվերջին նրա վերցրած վարկային միջոցների մայր գումարը կազմել է 11,1 մլն դրամ։
Խաչատրյանը հայտարարագարել է նաև 20 մլն դրամ կանխիկ գումար, ինչպես նաև 2 բանկային հաշիվ, որոնցից մեկի վրա եղել է 2,1 մլն դրամ ու 176 եվրո գումար։
Տարվա ընթացքում նրա ստացած եկամուտները կազմել են 29 մլն 340 հազար դրամ, որից 28 մլն 459 հազար դրամը աշխատանքի դիմաց վարձատրությունն է, իսկ 881 հազար դրամը՝ նա ստացել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեից։
Հայտարարագրած խոշոր ծախսերի ցանկում են նաև հանգստի համար ուղղված 4,6 մլն դրամը, ինչպես նաև վարկերի մարմանն ուղղված 3,7 մլն դրամի վճարումները։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը