01 08 2024

ՔՊԿ-ն ազատվում է Գիտատեխնիկական գրադարանից, այն անվանելով անպիտան մակուլատուրա․ ահազանգ



Երևանի ավագանու «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սունա Աղեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«ՔՊԿ-ն ազատվում է «Սովետական Հայաստան»-ից ժառանգություն մնացած Գիտատեխնիկական գրադարանից, այն անվանելով անպիտան մակուլատուրա

Երևանի ավագանու ,, Մայր Հայաստան,, խմբակցությունը հանդիպելով բախտի քմահաճույքին թողնված գրադարանի աշխատակիցների հետ պարզեց հետևյալը.

Հայաստանի գործող Կառավարությունը չզեկուցվող հարցերի շրջանակում 2024-ի մայիսի 2-ի հաստատված որոշման համաձայն` Հայաստանի Գիտատեխնիկական գրադարանը 22 միլիոն ֆոնդով անտերության է մատնում, համարելով որ այն ավելորդ բեռ է Պետության վրա։

Իր տեսակով եզակի ու բավական կարևոր նշանակություն ունեցող գրադարանի և նաև, հարակից շենքերը արդեն իսկ աճուրդի են հանված։

Գիտատեխնիկական գրադարանը ներառում է 17, 5 միլիոն անուն միայն արտոնագրերի ֆոնդ` ամբողջ աշխարհի գյուտերով, ապրանքային նշանների նկարագրություններով, 1,5 միլիոն նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի ֆոնդով՝ ԳՕՍՏ-եր, ստանդարտներ, արտադրության տեխնիկական պայմաններ ու տեխնոլոգիաներ, շինարարական նորմատիվ կանոններ, պայմաններ, արդյունաբերությունն ու արտադրությունը կարգավորող փաստաթղթեր և ավելի քան 1,5 միլիոն արդյունաբերական կատալոգային ֆոնդ, որտեղ սարքավորումների տեխնիկական անձնագրեր են, գնացուցակներ և այլն։

Արցախյան առաջին պատերազմի ժամանակ նորաստեղծ Զինված ուժերին ռազմական բնույթի փաստաթղթերը տրամադրել է հենց այս գրադարանը և դա բավական մեծ ներդրում էր մեր հաղթանակի համար։

Այսօր գործող` «ԱրտՖուդ», «Աթենք», «Դարոյնք», «Նատալի Ֆարմ», «Երևանի ոսկերչական գործարան», «Լիկվոր», «Մասիս Տոբակո», «Երեւանի կոնյակի գործարան», «Ջերմուկ Գրուպ», «Գրանդ Քենդի», «Մարիաննա», «Թամարա», «Տելեկոմ Արմենիա», «Ռուսալ-Արմենալ» և ևս մի շարք ընկերություններ, իրենց ձեռնարկությունները սկսել են հենց Գիտատեխնիկական գրադարանի ֆոնդերը օգտագործելով։

Այս ամենը վերացնելով` արմատապես ջնջում են արդյունաբերության զարգացումը և Հայաստանի տնտեսության անկման հիմնաքարը դնում»։

 

Նույն թեմային անդրադարձել է նաև դաշինքի անդամ Աննա Ավետիսյանը․

«Գիտատեխնիկական գրադարանի կարևորությունը  մեր պետության համար ահռելի է։ Սննդամթերքի, արդյունաբերության, շինարարության և այլ կենսական կարևորություն ունեցող ոլորտների ԳՈՍՏ-եր, արտոնագրեր, գյուտեր ու էլի շատ կարևոր` շուրջ 22 միլիոն փաստաթղթեր  պահպանված են այս գրադարանում։ Գրադարանի շենքը ևս եզակի է նրանով, որ գրքերի պահպանման համար այստեղ կառուցված է օդափոխության համակարգ, որը այլ տեղ այս մասշտաբի հնարավոր չէ կառուցել։ Սակայն օրվա իշխանությունն, այս գրադարանը բեռ համարելով, որոշել է փակել, և շենքը արդեն հանված է աճուրդի, իսկ գրադարանի այդչափ կարևոր գանձերի ճակատագիրը անհայտ է։ Ո՞վ գիտի, թե  փակումից հետո պետության զարգացման համար խիստ կարևոր գրքերը որտեղ և ոնց կկորչեն կամ կոչնչացվեն...»

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ