21 03 2024

Բնակարանային ապահովման աջակցությունից կարող են օգտվել ՀՀ քաղաքացի դարձած արցախցիները

Բնակարանային ապահովման աջակցությունից կարող են օգտվել ՀՀ քաղաքացի դարձած արցախցիները

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման աջակցության ծրագրի վերաբերյալ մարտի 21-ին տեղի է ունեցել քննարկում, որին մասնակցել են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալներ Աննա Ժամակոչյանը, Դավիթ Խաչատրյանը և ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը։Այս մասին հայտնում են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։

«Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ մարզպետները, Երևանի քաղաքապետի տեղակալ Արմեն Փամբուխչյանը և տեղահանվածներ ՀՀ բոլոր մարզերից, ինչպես նաև Երևանից։

Հանդիպման սկզբում Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է առաջիկայում սպասվող բնակարանային ապահովման ծրագրի մանրամասները։

Նախ փոխվարչապետը նշել է, որ աջակցությունը տրամադրվելու է անձանց բնակելի տուն կառուցելու կամ տուն կամ բնակարան ձեռք բերելու համար։

Քննարկվում է նաև սոցիալական բնակարաններ կառուցելու տարբերակը, որը, սակայն, տրամադրվելու է հատուկ խնամքի կարիք ունեցող քաղաքացիներին, ովքեր օբյեկտիվ պատճառներով չեն կարող տուն կառուցել:

Փոխվարչապետը նշել է, որ ծրագիրն իրականացվելու է փուլերով։

Առաջին փուլում առաջնահերթությունը տրվելու է երեք և ավել անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին։ Հաջորդ փուլերում աջակցությունը կստանան երկու և մեկ անչափահաս երեխաներով ընտանիքները, այնուհետև այլ խմբերի ներկայացուցիչները։

Այն ընտանիքները, որոնք առաջին փուլից հետո կշարունակեն սպասել բնակարանի իրենց հերթին, կօգտվեն պետության աջակցությունից։

Բնակապահովման նպատակով աջակցության չափը մեկ անձի հաշվով նախատեսվում է շուրջ 3 մլն դրամ (առանձին բնակավայրերի դեպքում նախատեսվածից ավել):

Բնակարանային ապահովման աջակցությունից կարող են օգտվել այն անձինք, ովքեր կդառնան ՀՀ քաղաքացի։ Իսկ տվյալ բնակարանի կամ տան սեփականության իրավունքն իրենց կանցնի միայն 10-րդ տարվա ավարտին, եթե նրանք այդ ամբողջ ժամանակահատվածում բնակվել են տվյալ տանը կամ բնակարանում։

Փոխվարչապետի կողմից ծրագրի մանրամասները ներկայացնելուց հետո տեղի է ունեցել շահագրգիռ քննարկում։ Հանդիպմանը ներկա տեղահանվածները ուղղել են իրենց հետաքրքրող բոլոր հարցերը, որոնք հիմնականում վերաբերել են հենց բնակապահովման ծրագրին, ինչպես նաև այս պահին գործող պետական աջակցության մյուս ծրագրերին»,- ասվում է հաղորդագրությունում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ