14 06 2024

Ոստիկանությունը հատուկ միջոցներ կիրառելուց առաջ չի նախազգուշացրել․ ՔԿ-ն խեղաթյուրում է․ Civilnet

Ոստիկանությունը հատուկ միջոցներ կիրառելուց առաջ չի նախազգուշացրել․ ՔԿ-ն խեղաթյուրում է․ Civilnet

Civilnet.am-ը գրում է․ Ոստիկանության մասին օրենքի համաձայն՝ ֆիզիկական ուժ և հատուկ միջոցներ կիրառելուց առաց ուժայինները պարտավոր են նախազգուշացնել ու ողջամիտ ժամկետ տալ ցուցարարներին անկարգությունները դադարեցնելու համար, Քննչական կոմիտեի հունիսի 13-ի տեսանյութն ու հայտարարությունը տպավորություն են ստեղծում, թե ֆիզիկական ուժ և լուսաձայնային նռնակներ կիրառելուց առաջ ոստիկանությունը նախազգուշացրել էր, մինչդեռ նման բան չի եղել։

Քննչական կոմիտեն հունիսի 13-ին հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով հունիսի 12-ին Երևան քաղաքի Բաղրամյան և Դեմիրճյան փողոցների խաչմերուկում անցկացվող բողոքի ակցիայի ընթացքում կատարված զանգվածային անկարգությունների դեպքի առթիվ նախաձեռնված վարույթին։

Կոմիտեն նաև տեսանյութ է հրապարակել՝ պնդելով, թե «հունիսի 12-ին՝ ժամը 19:30–ից սկսած, ակցիայի մի խումբ մասնակիցներ սկսել են չենթարկվել տեղում հասարակական կարգի պահպանությունն ու շրջակա հատուկ պահպանության ենթակա օբյեկտների անվտանգությունն ապահովող ոստիկանության ծառայողների օրինական կարգադրություններին»։ Այնուհետև Քննչական կոմիտեն հրապարակել է կադրեր, որոնցում երևում է լարված իրավիճակ և լսվում է ոստիկանության ներկայացուցչի նախազգուշացնող հայտարարությունը, որ կկիրառեն ֆիզիկական ուժ և հատուկ միջոցներ։

Իրավապահ մարմինը, սակայն, ակնհայտ խառնել է ժամանակագրությունը․ ոստիկանությունը 19:30-ից բարձրախոսով նախազգուշացում չի կատարել, իսկ ՔԿ-ի պաշտոնական տեսանյութում տեղ գտած նախազգուշական հայտարարությունը եղել է ավելի վաղ՝ 17:33-ին։

Ինչ է նախատեսում օրենքը

Ոստիկանության մասին օրենքը հստակ ամրագրում է, որ «ոստիկանության ծառայողը ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և հրազեն գործադրելուց առաջ պարտավոր է նախազգուշացնել դրանք գործադրելու մասին՝ բավարար ժամանակ տրամադրելով օրինական պահանջները կատարելու և իրավախախտումը դադարեցնելու համար»։

Դեպքերի ժամանակագրությունը

Առկա տեսագրությունները փաստում են, որ հունիսի 12-ին՝ ժամը 17:33-ին, ոստիկանությունը նախազգուշացրել է, որ կկիրառի հատուկ միջոցներ և ֆիզիկական ուժ, քանի որ մինչ այդ իրավիճակը լարվել էր Բաղրամյան պողոտայում։ Դրանից հետո տեղի է ունեցել քաշքշուկ և իրավապահները կիրառել են միայն ֆիզիկական ուժ՝ բերման ենթարկելով քաղաքացիների։ Այնուհետև 17:58-ից իրավիճակը հանդարտվել է, իսկ ֆիզիկական ուժ կիրառած կարմիրբերտավորները ետ են քաշվել, մարդիկ էլ շարունակել են խաղաղ բողոքի ակցիան։

Հնչել են ելույթներ և միայն 19:22-ին շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի այն հայտարարությունից հետո, թե խորհրդարանի ներսում կռիվ է ու ընդդիմադիրները գնում են ներս, իրավիճակը սկսել է լարվել՝ 19:28-ից։ Այդ րոպեներից սկսած մինչև ֆիզիկական ուժ և լուսաձայնային նռնակների կիրառումը (19:40-ից) ոստիկանությունը, օրենքի համաձայն, չի նախազգուշացրել, առավել ևս չի տրամադրել բավարար ժամանակ, որ քաղաքացիները դադարեցնեն իրավախախտումը։

Ինչ է նախատեսում ԵԱՀԿ ԺՀՄԻԳ ուղեցույցը

ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի 2016-ի՝ «Մարդու իրավունքների ձեռնարկ․ ոստիկանության գործունեությունը հավաքների ժամանակ» ուղեցույցը նման դեպքերում հստակ նշում է, որ «ուժ կիրառելուց առաջ հավաքին միշտ պետք է տրվեն նախազգուշացումներ»։

Նշվում է նաև, որ «նախազգուշացում պետք է տրվի ձայնի ուժեղացման համապատասխան սարքի միջոցով, պատշաճ ձևակերպումներով և մի քանի անգամ կրկնելով»։ Ավելին, ըստ ուղեցույցի՝ հենց ոստիկանության պարտավորությունն է, որ հանրահավաքի մասնակիցները լսեն նախազգուշացումը։

Տվյալ դեպքում ինչպես հունիսի 12-ին, այնպես էլ դրանից առաջ, որպես կանոն, ոստիկանության նախազգուշական հայտարարություններն ուղեկցվում էին ցուցարարների սուլոցներով, տվյալ դեպքում ուղեցույցը ամրագրում է, որ «կարող է անհրաժեշտություն առաջանալ մի քանի տեղերում նախազգուշացում տալու, որպեսզի բոլոր մասնակիցները լսեն այն»: Ուղեցույցը նաև նախատեսում է երկրորդ նախազգուշացում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ