28 05 2024

Լեմկինի ինստիտուտը Ալիևին կոչ է արել անհապաղ ազատ արձակել ապօրինաբար պահվող բոլոր հայերին

Լեմկինի ինստիտուտը Ալիևին կոչ է արել անհապաղ ազատ արձակել ապօրինաբար պահվող բոլոր հայերին

Ցեղասպանությունների կանխարգելման Լեմկինի ինստիտուտն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին կոչ է արել ազատ արձակել Բաքվում ապօրինաբար պահվող բոլոր հայ գերիներին և այդ առնչությամբ ստորագրահավաք է սկսել։

«Բարերար, մարդասեր, Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ձերբակալվել է Ադրբեջանի կառավարության կողմից և ապօրինաբար պահվում է այլ նշանավոր հայերի հետ։ Ժամանակն է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անհապաղ ազատ արձակի այս հայերին», - ասվում է հաղորդագրությունում: 

Նշվում է, որ այս անհատների առողջության և վիճակի մասին շատ քիչ տեղեկատվությունը խորապես մտահոգիչ է: 

«Այս անձինք կալանավորվել են ներպետական և միջազգային իրավունքի ակնհայտ խախտումով, ներառյալ ՄԱԿ-ի և մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիաները, որոնց կողմ է Ադրբեջանը:

 

Նրանց կալանքի պայմանները խորապես մտահոգիչ են, ներառյալ նրանց ընտանիքների հետ ոչ համարժեք շփումները, կանոնավոր անկախ մոնիտորինգի կամ հյուպատոսական հասանելիության բացակայությունը, ինչպես նաև տեղական և միջազգային իրավաբանների հասանելիության մերժումը: Ադրբեջանը պետք է հարգի միջազգային իրավական չափանիշները և մարդու իրավունքները, որոնցից կախված է խաղաղությունն ու կայունությունը։ Ամեն օրը կարևոր է այս բանտարկյալների կյանքի համար: Հայաստանի և Ադրբեջանի միջև ցանկացած խաղաղության պայմանագիր պետք է ներառի նրանց ազատումը։ Մենք կոչ ենք անում նախագահ Իլհամ Ալիևին անհապաղ ազատ արձակել ապօրինի ձերբակալված այս բոլոր անձանց», - ասվում է հաղորդագրությունում:

Խնդրագրի հեղինակները հիշեցրել են անցած տարվա սեպտեմբերին Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության դեմ զանգվածային ռազմական ագրեսիայի և դրա հետևանքով 120,000 էթնիկ հայի հարկադիր տեղահանման մասին:

«Սա անվիճելիորեն էթնիկ զտում է. աշխարհի մեծ մասը համաձայն է: Իրավապաշտպան կազմակերպություններն ադրբեջանական գործողությունները որակել են որպես ցեղասպանություն», - ասվում է հաղորդագրությունում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ