25 05 2024

Ընդունելություն Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանում

Ընդունելություն Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանում

Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանի ֆեյսբուքյան էջում ընդունելության հայտարարություն է հրապարակել․

«Ընդունելություն Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանում

—————

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո գործող Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանը հայտարարում է աշակերտների ընդունելություն 7-11 տարեկան հայ տղաների և աղջիկների համար:

Հայոց մարդասիրական ճեմարանում ուսուցումն անգլերենով է, բացառությամբ «Հայոց լեզու և գրականություն», «Հայրենագիտություն», «Հայոց պատմություն» և «Հայ Եկեղեցու պատմություն» առարկաների:

Հնդկաստանում պաշտոնապես գրանցված և պետականորեն ճանաչված հայկական դպրոցը Դելիի՝ հնդկական տասնամյա դպրոցական կրթության որակավորման խորհրդի անդամ է և աշակերտներին լավագույնս պատրաստում է 10-րդ դասարանի ավարտական քննություններին: Ճեմարանի կրթական ծրագիրն ու չափորոշիչները համապատասխանեցված են Դելիի կրթական համակարգին:

Հայոց մարդասիրական ճեմարանում ուսումն անվճար է: Դպրոցը հոգում է նաև աշակերտների Հնդկաստան ուղևորության, կեցության, սննդի, հագուստի և բժշկության ծախսերը:

Ճեմարան ընդունելության համար ծնողները պետք է իրենց զավակներից պահանջվող փաստաթղթերն անձամբ ներկայացնեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոն։

Ճեմարանի 10-րդ դասարանը «լավ» կամ «գերազանց» գնահատականներով ավարտելուց հետո հայ պատանիները կարող են ուսումը 2 տարի շարունակել Կալկաթայի Լա Մարտինիեր անգլիական ավագ դպրոցում: Վերոհիշյալ դպրոցում հայ աշակերտների ուսման, ճեմարանում կեցության, սննդի, հագուստի և բժշկության ծախսերն ամբողջապես հոգում է Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանը:

Լա Մարտինիեր դպրոցի 11-րդ և 12-րդ դասարանները «լավ» կամ «գերազանց» գնահատականներով ավարտած հայ պատանիներին բացառիկ հնարավորություն կընձեռնվի՝ իրենց ընտրությամբ և ճեմարանի տեսչության համաձայնությամբ Հնդկաստանի որևէ բարձրագույն ուսումնական հաստատությունում կրթությունը շարունակելու՝ ինչպես բակալավրիատում, այնպես էլ՝ մագիստրատուրայում: Ուսման ողջ ընթացքում հայ ուսանողներին կտրվի կրթաթոշակ: Դրանից բացի՝ նրանց ուսման, ճեմարանում կեցության, սննդի, հագուստի և բժշկության ծախսերն ամբողջությամբ կհոգա Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանը:

Հայոց մարդասիրական ճեմարանում ընդունելությունը կատարվում է հետևյալ կերպ.

  • փաստաթղթերի ներկայացում,
  • գրավոր թեստ` «Մայրենի», «Հայրենագիտություն», «Մաթեմատիկա», «Անգլերեն» առարկաներից,
  • հարցազրույց:

Ընդունելության համար պահանջվում են հետևյալ փաստաթղթերը.

  • Անձնագիր՝ առնվազն 3 տարվա վավերականությամբ,
  • Հայոց մարդասիրական ճեմարանում սովորելու համար ծնողների կամ խնամակալի կողմից լիազորագիր՝ նոտարի կողմից հաստատված, անգլերեն թարգմանությամբ,
  • Մկրտության վկայական,
  • Առաջադիմության թերթիկ և տեղեկանք՝ ընթացիկ դպրոցից,
  • Բժշկական տեղեկանք,
  • Լուսանկար՝ 4 հատ (5 սմ x 5 սմ)․ լուսանկարի թվային տարբերակը հարկավոր է ուղարկել [email protected] էլ․հասցեին՝ նշելով անունը և ազգանունը,
  • Սոցիալական տեղեկատվության մասին զեկուցագիր ծնողների կողմից:

Հավելյալ տեղեկությունների համար զանգահարե՛ք (010) 517 283 հեռախոսահամարով։

Դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոն, մինչև 2024 թվականի հունիսի 15-ը, երկուշաբթիից ուրբաթ օրերին, ժամը` 10:00-17:00։

Հասցե` ք. Վաղարշապատ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ:

Էլ․ փոստ՝ [email protected], [email protected]

Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանի մասին հավելյալ տեղեկությունների համար կարող եք այցելել https://www.facebook.com/ArmenianCollegeAndPhilanthripicA... ֆեյսբուքյան էջը»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ