Նախօրեին Հնդկաստանում տեղի ունեցած երկաթուղային աղետն ամենախոշորն է վերջին 40 տարում, տեղեկացրել է ВВС-ն։
Նշենք, որ առնվազն 200 մարդ զոհվել եւ մոտ 900 հոգի տարբեր ծանրության վնասվածքներ է ստացել Հնդկաստանի արեւելյան Օդիշա նահանգում մի քանի գնացքների բախման հետեւանքով։
Նախնական տվյալներով՝«Շալիմոր-Կորոմանդել» արագընթաց գնացքը երեկոյան ժամը մոտ 7-ին դուրս է եկել գծերից, ընդ որում՝ մի քանի վագոններ հայտնվել են հանդիպակաց գծին, որով ընթանում էր «Եվսանտփուր-Խաորա» ճեպընթացը։ Այն բախվել է այդ վագոններին, ինչից հետո, ինչպես տեղեկացրել են հնդիկ պաշտոնյաները, տեղի է ունեցել եւս մեկ բախում, արդեն բեռնատար գնացքի հետ, որը կանգնած էր ճանապարհին։ Այլ մանրամասներ առայժմ չեն ստացվել։ Սա ամենամեծ երկաթուղային աղետն է Հնդկաստանում 1980-ականներից ի վեր։ Տեղի իշխանությունների գնահատականներով՝ զոհերի թիվը կարող է ավելանալ։
Աղետի վայրում աշխատում է շտապօգնության 200 մեքենա, լրացուցիչ հերթապահության են կանչվել 100 բժիշկներ, ողջ մնացած ուղեւորներից շատերը, ականատեսների վկայությամբ, օգնության են եկել նրանց, ովքեր գտնվել են շրջված վագոններում, փրկարար գործողությունը շարունակվում է։
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին խորհրդակցություն է հրավիրել երկաթուղու ներկայացուցիչների հետ՝ կապված Օդիշա նահանգում երկու ուղեւորատար եւ բեռնատար գնացքների բախման հետ։ Խորհրդակցության ընթացքում Մոդին կքննարկի տուժածների փրկության, բուժման եւ այլ հարցեր՝ կապված վթարի հետ:
Վարչապետի օգնության ազգային ֆոնդը հայտարարել է, որ 200 հազար ռուփիի փոխհատուցում կվճարվի յուրաքանչյուր զոհվածի մերձավորնմերին եւ 50 հազար ռուփի վիրավորների համար։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը