Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Հոգեգալուստը (Պենտեկոստե)։
Սուրբ Հարության հիսուներորդ օրը Հայ Առաքելական եկեղեցին տոնախմբում է Ս. Հոգու էջքն առաքյալների վրա: Սուրբ Հոգին Սուրբ Երրորդության երեք անձերից մեկն է, համագո և հավասար Հորը և Որդուն: Քրիստոս Իր երկրային կյանքի ընթացքում առաքյալների հետ խոսել էր Սուրբ Հոգու գալստյան մասին. «Իսկ Մխիթարիչը` Սուրբ Հոգին, որին Հայրը կուղարկի Իմ անունով, Նա ձեզ ամեն բան կուսուցանի և ձեզ կհիշեցնի այն ամենը, ինչ Ես ասացի ձեզ» (Հովհ. 14:26):Սուրբ Հոգու գալուստը նկարագրված է «Գործք Առաքելոց»-ում. «Երբ Պենտեկոստեի օրերը լրացան, բոլորը միասիրտ, միատեղ էին: Եվ հանկարծակի երկնքից հնչեց մի ձայն` սաստիկ հողմից եկած ձայնի նման. և լցրեց այն տունը: Եվ նրանց երևացին բաժանված լեզուներ` նման բոցեղեն լեզուների, որոնք նստեցին յուրաքանչյուրի վրա: Եվ բոլորը լցվեցին Սուրբ Հոգով ու սկսեցին խոսել ուրիշ լեզուներով, ինչպես որ Սուրբ Հոգին նրանց խոսել էր տալիս» (Գործք 2:1-4):
Աստվածաշնչյան այս հատվածում նշվում է, որ տարբեր ազգերի ներկայացուցիչներ, ովքեր ներկա էին, զարմացան` յուրաքանչյուրն իր հարազատ լեզուն լսելով:Քրիստոնեական Եկեղեցում շնորհի վարդապետությունը կապված է Սուրբ Հոգու հետ: Ըստ այդ վարդապետության՝ յուրաքանչյուր առաքինություն աստվածային պարգև է, որ տրվում է հավատացյալին Սուրբ Հոգուց, և որևէ առաքինության վերագրումը սեփական անձին և ոչ թե Աստծուն հպարտության տանող մեծ մեղք է: Հետևաբար, Հոգեգալստի հիշատակումը նաև կոչ է յուրաքանչյուր հավատացյալի` հպարտությունից խուսափել և աստվածային շնորհներով միայն բարի գործեր կատարել:
Qahana.am-ը գրում է, որ երկուշաբթիից սկսվում է եղիական պահքը:
Հայ Առաքելական եկեղեցու սահմանած՝ տարվա չորս եղանակների պահքերից սա ամառնամուտի շաբաթապահքն է: Ինչպես մյուս եղանակների պահքերը, եղիական պահքը ևս եկեղեցական որևէ տոնի պատրաստություն չէ:
Ըստ ավանդության` եղիական է կոչվում միայն այն պատճառով, որ նախորդում է շաբաթապահքի հաջորդ կիրակիին` Ս. Եղիա մարգարեի հիշատակության տոնին: Ամառվա այս պահքը սկսվում է Հոգեգալստյան կիրակիի հաջորդ օրը (պահքի բարեկենդանը Հոգեգալստյան կիրակին է): Զատկի օրվա փոփոխման հետ պահքի սկիզբը կարող է փոփոխվել մայիսի 11-ից մինչև հունիսի 14-ն ընկած ժամանակահատվածում: Մյուս եղանակների պահքերի նման, այս պահքը ևս տևում է 5 օր` երկուշաբթիից մինչև ուրբաթ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը