Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Տավուշի մարզային ստորաբաժանման ղեկավարն ապրիլի 26-ի ուշ երեկոյան Պաշտպանի հանձնարարությամբ այցելել է Իջևանի բժշկական կենտրոն՝ Կիրանցում տեղի ունեցած դեպքերից հետո այնտեղ տեղափոխված անձանց: Հայտնում է ՄԻՊ գրասենյակը։
Նրանց հետ տեղի են ունեցել առանձնազրույցներ: Բուժկենտրոնում գտնվող անձինք Պաշտպանի ներկայացուցչին ներկայացրել են մանրամասներ:
Այցի արդյունքում արձանագրվել է, որ բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև հավաքին մասնակցող երեխաներ:
Մարդու իրավունքների պաշտպանը մտահոգիչ է համարում ինչպես երեխաների մասնակցությամբ համանման դեպքերի առկայությունը, այնպես էլ հավաքներին երեխաների մասնակցության այնպիսի ձևաչափի կիրառումը, որը չի բխում երեխայի լավագույն շահից:
Մարդու իրավունքների պաշտպանը խիստ կարևորում է երեխաների` հավաքներին ազատորեն մասնակցելու իրավունքի իրացման ընթացքում պետական իրավասու մարմինների, հավաքների կազմակերպիչների, հավաքների մասնակիցների, զանգվածային լրատվության միջոցների և այլ դերակատարների կողմից երեխայի իրավունքների, այդ թվում` ցանկացած տեսակի բռնությունից զերծ լինելու, կրթության և այլ իրավունքների ապահովումը, ինչպես նաև երեխայի լավագույն շահը առանցքային դիտարկելու անհրաժեշտությունը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը