Երեկ այստեղ մարդիկ իրենց տների կադաստրի վկայականներ էին բերել, այսինքն այն սուտը, կեղծիքը, որ սրանք հայկական տարածքներ չեն, մարդիկ հարյուրավոր կադաստրի վկայականներ էին բերել, որ պետությունն է իրենց տվել: Այս մասին, այսօր՝ ապրիլի 26-ին, Կիրանցում News.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ «հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:
«ԱԺ նախագահի աթոռը զբաղեցնող Ալեն Սիմոնյանն ինչ-որ հայտարարություններ էր արել, թե այդ մարդիկ իզուր տեղը բաներ են խոսում: Այսինքն մարդիկ նման պաշտոնյաների աչքն են մտցնում այդ փաստաթղթերը: Մարդիկ զարմացած են, թե ՀՀ իշխանությունները ոնց կարող են այդքան ապիկար, այդքան ստոր, սրիկա գտնվել եւ անգամ օրինական վկայականները համարել, որ իրենցից ոչ մի բան չեն ներկայացնում:
Հիմա մարդիկ հավաքվել են այն տեղ, որտեղ հնարավոր է, որ մեքենաները մտնեն եւ ականազերծման աշխատանքներ անեն: Կանայք, երեխաներ, հիմա հավաքված են այնտեղ եւ հերթապահություն են իրականացնում: Այս ապօրինի գործընթացը պետք է կասեցվի: Սահմանազատումը պետք է արվի ողջ սահմանի երկայնքով, ոչ թե հատվածական: Պարզ է, որ սա միակողմանի զիջում է»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը