16 04 2024

ՌԴ կառավարությանը խստացնում է միգրանտների նկատմամբ վերահսկողությունը․ Տաթևիկ Բեժանյան



Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից դեռևս 2018 թվականից մեկնարկած միգրացիոն քաղաքականության խստացման մասին օրինագիծը նոր փոփոխություններ ունի։ Այս մասին երեկ՝ ապրիլի 15-ին, հրավիրված մամուլի ասուլիսին ասաց «Հայկական Կարիտաս» կազմակերպության միգրացիոն ծրագրի փորձագետ Տաթևիկ Բեժանյանը:

«Ռուսաստանի Դաշնությունը խստացնում է միգրացիոն քաղաքականությունը։ Գործընթացը մեկնարկել էր դեռ 2018 թվականից․ այդ ժամանակ ներկայացված փաթեթի մի մասն ուժի մեջ է մտել՝ պարտադիր բուժզննում, մատնահետքերի հանձնում և այլն։ Սակայն վերջերս «Կրոկուս սիթի հոլլում» տեղի ունեցած ողբերգությունից հետո ՌԴ-ում միգրացիոն քաղաքականության խստացումների մասին առաջարկությունների հերթական փաթեթն է ներկայացվել ՌԴ կառավարությանը։ Այժմ ՌԴ կառավարությունում քննարկվող փոփոխություններից է ՌԴ-ում գտնվելու ժամանակի կրճատումը։ ՌԴ-ի հետ վիզային ռեժիմ չունեցող երկրների քաղաքացիները, կարող են ՌԴ-ում տարվա ընթացքում յուրաքանչյուր 180 օրվա մեջ գտնվել գումարային 90 օր։ Նոր փոփոխություններով առաջարկվում է այդ ժամկետը փոխել և դարձնել 365 օրվա մեջ 90 օր»,- նշեց նա՝ հավելելով, որ որոշ խստացումներ հնարավոր է նաև ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիներ համար։

Փորձագետը նշեց նաև, որ 2022, 2023 թվականներին նկատելիորեն նվազել է Հայաստանից աշխատանքային միգրանտների թիվը դեպի Ռուսաստան։ Դրան նպաստել է ինչպես միգրացիոն քաղաքականության խստացումը, այնպես էլ ՌԴ-ի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ