Հայաստանն ազգային ժողովրդավարական կառավարման վարկանիշում անկում է գրանցել՝ 2.50-ից հասնելով 2.25-ի: Տարեկան զեկույցը հրապարակել է Freedom House միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը՝ «Nations in Transit 2024» խորագրով։
Համաձայն զեկույցի՝ «Վարկանշի անկումը պայմանավորված է գործադիրի կողմից իշխանության կոնսոլիդացման, կենտրոնական իշխանությունների կողմից ընդդիմադիր քաղաքապետերին պաշտոնանկ անելու և իշխող կուսակցության ֆինանսների թափանցիկության բացակայության իրողություններով»։
Արդյունքում, Հայաստանի ժողովրդավարության միավորը 3,11-ից իջել է 3,07-ի:
«2023 թվականին Հայաստանում ամենակարևոր քաղաքական գործընթացներն ու խնդիրները վերաբերում էին ինչպես անվտանգության խնդիրներին, մասնավորապես՝ Ադրբեջանի հետ հարաբերություններին, այնպես էլ չճանաչված, բայց դե ֆակտո անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախ) 10-ամսյա շրջափակմանը, սեպտեմբերին Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով հետագա էթնիկ զտումների հետ»,- նշված է զեկույցում։
Համաձայն Freedom House-ի․ «Հայերի ամենակարևոր մտահոգությունները ոչ միայն եղել են ազգային անվտանգության այս խնդիրները, այլև ձևավորել են ներքաղաքական լանդշաֆտը, որտեղ ընդդիմությունը և բնակչության մեծ հատվածը քննադատում են կառավարությանը Լեռնային Ղարաբաղի հարցում քաղաքականության ձախողումների համար»։
Կազմակերպությունը նշում է, որ անվտանգության իրավիճակի վատթարացումը միայն խորացրել է Հայաստանի խորհրդարանում քաղաքական բևեռացումը Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և ընդդիմության միջև՝ «խաթարելով կառուցողական երկխոսությունը կրիտիկական հարցերի շուրջ»:
Զեկույցն ամբողջությամբ՝այստեղ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը