Մեզ համար սահմանամերձ լինելը հպարտություն է եղել, որովհետեւ մեր գյուղի, մեր պետության սահմանն ենք պահել: Այս մասին Հայաքվե նախաձեռնության հրապարակած տեսանյութում հայտարարում է Բաղանիս գյուղի նախկին վարչական ղեկավար Նարեկ Սահակյանը:
«Ինչքան սահմանը եղել է ամուր, այնքան պետությունը եղել է ապահով եւ ամրապնդված: Ինչքան մենք մեզ թույլ պահենք թե՛ ներսում, թե՛ դրսում, այնքան երկրի սահմանները կլինեն անհանգիստ, կիսապատերազմական կամ պատերազմական իրավիճակում: Ցավոք սրտի, ապրում ենք այդ փուլում»,- նշել է նա:
Ոսկեպարցի Նարեկ Բեգլարյանն էլ ընդգծում է. «Սահմանին 7-րդ դարի եկեղեցի է կանգնած: Դա վկայում է, որ երբ մենք էստեղ գյուղ ենք հիմնել, թուրքն ընդհանրապես այստեղ չի եղել: Էսքանը տալ թուրքին, դա ամենամեծ անարգանքն է: Թուրքի նպատակը հային մորթելն է, թուրքի հետ խաղաղության լեզվով խոսելը անհնար է: Եթե դու մտածում ես, որ ադրբեջանական հողեր են վերեւում ու ներքեւում, մենք էլ հողեր ունենք ադրբեջանական վերահսկողության տակ: Պայքարի, պահանջի էդ հողերը: Ինքը չի պահանջում, միակողմանի գնում է զիջումները: Կռվով ո՞ւմ է փորձում վախեցնել, մե՞զ, որ ծնված օրից կռիվ ենք տեսել: Մեզ անհնար է դրանով վախեցնել կամ ահաբեկել»:
Իր հերթին՝ Ոսկեպարի մեկ այլ բնակիչ համարում է, որ Ադրբեջանի նպատակները շատ վտանգավոր են. «Անընդհատ զիջելու, անընդհատ խեղճ մնալու այդ անպատվությունը, այդ բարդույթը մարդկանց հունից հանում է: 1918-ին անընդհատ նահանջի վերջըւ եղավ Սարդարապատը: Թող էս անգամ էլ Ոսկեպարը լինի նահանջի վերջը: Փաշինյանը ներկայացրեց, որ պետք է անպայման զիջման գնանք, հակառակ դեպքում Ադրբեջանը կհարձակվի մեզ վրա: Իսկ եթե խելոք չմնանք, Թուրքիան էլ կհարձակվի: Ասաց՝ նոր ճանապարհ կբացենք, որը հնարավոր չի, տեղ չկա, ասաց՝ պետք լինի, թունել էլ կսարքենք»:
Մանրամասները՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը