19 03 2024

Չորս գյուղերը ադրբեջանական են, ՀՀ-ին են անցել 1990-ականներին, այնտեղ հայեր չկան․ Վահե Ղալումյան. 24news.am

Չորս գյուղերը ադրբեջանական են, ՀՀ-ին են անցել 1990-ականներին, այնտեղ հայեր չկան․ Վահե Ղալումյան. 24news.am

Սահմանազատումը և սահմանագծումը, որքանով ես եմ տեղյակ, պետք է իրականացվի ընդհանուր Տավուշի մարզում, ո՛չ Բաղանիսից, ո՛չ էլ Բերքաբերից չի խոսվել, որ պետք է տրվի։ Այս մասին այսօր՝ մարտի 19-ին, 24news.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, Վահե Ղալումյանը։

Լրագրողի հարցին՝ ո՞ր գյուղերն են, որ պետք է հանձնվեն Ադրբեջանին, Ղալումյանը պատասխանեց. «Հայաստանից նման գյուղեր չկան։ Հարցը շատ նուրբ ու զգայուն է, Փաշինյանը սահմանի բնակիչների հետ երկար հանդիպել ու  ներկայացրել է իրավիճակը։ Գյուղերի պատկանելու կամ չպատկանելու հարցի պատասխանը տալու է սահմանազատող հանձնաժողովը՝ քարտեզների ու համատեղ աշխատանքի հիման վրա։ 

Հայաստանի Հանրապետությունը 29․800-ից որևէ տարածք չի հանձնվելու, այս գյուղերի պատկանելությունը իմ համարելով չի ու բացարձակ նշանակություն չունի, թե ում տիրապետության տակ է, կա միջազգային իրավունք։ Ադրբեջանի տիրապետության տակ էլ բազմաթիվ հայկական հողեր կան Տավուշի մարզից: Նշված տարածքները փաստացի ադրբեջանական բնակեցված գյուղեր են եղել, իսկ այն 31 գյուղերը, որոնց մասին Փաշինյանն է խոսում, դրանք գյուղերի հանդամասեր են, խոտհարքներ են, վարելահողեր են։

Անդրադառնալով այն հարցին, որ Վերին Ոսկեպարը կարող է շրջափակման մեջ հայտնվել, Վահե Ղալումյանն ասաց․ «ՏԿԵ նախարարությունն է պատասխանատու, թե ճանապարհները որտեղով են գնում, նախագծվում են եւ ինչ փուլում են: Իհարկե, բարդություններ լինելու են, քանի որ ճանապարհը տեղաշարժվելու է:

Վերին Ոսկեպարը գտնվում է  Իջևան - Նոյեմբերյան  ճանապարհի ձախ հատվածում, աջ հատվածը ադրբեջանական  տարածք է, ձախ հատվածում կա անկլավային հասկացողություն: Այդտեղ կա խնդիր, բայց շրջափակման մեջ չի լինելու։ Միջպետական ճանապարհները որոշ տեղերում այս պահին, որ քարտեզին նայում ենք, անցնում են Ադրբեջանի տարածքով, հետո մտնում ՀՀ տարածք։ Կա խնդիր ճանապարհների փոփոխության, որը պետության համար բացարձակապես խնդիր չէ, այդ ճանապարհները կկառուցվեն ու կլինեն մեր տիրապետության տակ»։

Հարցին՝ հանձնվող գյուղերի բնակիչների հարցը ինչպե՞ս է լուծվելու, Վահե Ղալումյանն արձագանքեց. «Այնտեղ ոչ մի հայկական բնակավայր չկա, դրանք ադրբեջանական գյուղեր են եղել, որոնք 1990-ականներին անցել են ՀՀ-ի վերահսկողության տակ, բայց այնտեղ հայեր չեն ապրում։ Համոզված չեմ, որ այնտեղ տուն կա,  եթե լինեն էլ, պետության կողմից լուծում կստանան։ Այս ամենը խաղաղության գործընթացի մի մասն է, պետք է գնալ լուծումների ու այդ հարցը մեկընդմիշտ լուծել»։

Խոսելով Արարատի մարզի 4 գյուղերի մասին, որոնք հանձնելու պահանջ է դրել Ադրբեջանը, Ղալումյանն ասաց, որ դրանք ևս պետք է լուծվեն նույն տրամաբանությամբ։

Նա ընդգծեց նաև, որ բնակիչները պետք է  սովորեն ապրել համակեցության պայմաններում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ