ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Ներքին գործերի նախարարից վիճակագրություն էի խնդրել 2023թ. ընթացքում ճանապարհատրանսպորտային պատահարների (ՃՏՊ), դրանց պատճառով վիրավորված և զոհված քաղաքացիների վերաբերյալ:
2023թ. ընթացքում թե' ՃՏՊ-ների, թե' վիրավորների, թե' զոհերի թիվն աճել է:
2023թ. ՃՏՊ-ների պատճառով զոհվել է 378 քաղաքացի, 2022թ.-ի 320-ի համեմատ: Աճը` 18.1%:
2023թ. ՃՏՊ-ների պատճառով վիրավորվել է 6538 քաղաքացի, 2022թ.-ի 6154-ի համեմատ: Աճը` 6.2%:
2023թ. ՃՏՊ-ների թիվը եղել է 4614, 2022թ.-ի 4306-ի համեմատ: Աճը` 7.2%:
Ըստ էության կարող ենք արձանագրել, որ ճանապարհային երթևեկության անվտանգության առումով 2023թ.-ին ունեցել ենք հետընթաց 2022թ.-ի համեմատ, թեև 2022թ.-ին ունեցել էինք առաջընթաց 2021թ.-ի համեմատ: Իհարկե 100.000 բնակչին ընկնող զոհերի թվով մենք միշտ բարձր զոհերով երկրների շարքին ենք դասվել: 2023թ. համար այդ թիվը 12.6 է, սակայն կարող էր լինել օրինակ 3.7, ինչպես Գերմանիայում է, որտեղ մայրուղիների վրա արագության սահմանափակում անգամ չկա:
Միայն վերջին 5 տարիներին ՃՏՊ-ներից զոհվել է 1755 անձ` մի բավական մեծ գյուղի բնակչության չափ մարդ:
Ինչու՞ ենք մենք յուրաքանչյուր առանձին անժամանակ մահվան կամ զոհի դեպքում, կլինի դա երկրի պաշտպանության ժամանակ կամ այլ պատճառով, այդքան ցավում, բայց այս հարյուրավոր ու հազարավոր զոհերի նկատմամբ այսքան անտարբեր:
Վերջին 5 տարում ՃՏՊ-ներից զոհված այս 1755 քաղաքացիներից մեկը կարող էինք լինել մենք կամ մեր հարազատներից որևէ մեկը, և դժբախտաբար որոշ դեպքերում հենց այդպես էլ եղել է:
Ինչու՞ ենք մենք այդքան անհանդուրժող, երբ այս կամ առիթով խոսում ենք ճանապարհային երթևեկության անվտանգության բարձրացման կարևորության և դրան նպաստող գործողությունների իրականացման մասին:
Չե՞նք ուզում ի վերջո փրկել մեզ, մեր երեխաներին, մեր հարազատներին և ընկերներին:
Ճանապարհային երթևեկության անվտանգությունը կախված է երեք գործոնից.
- վարորդների վարքագծից (ՃԵԿ կանոնների պահպանում)
- ճանապարհային ենթակառուցվածքներից (ճանապարհների ծածկույթ, գծանշումներ, նշաններ),
- տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակից (ամբողջական տեխ.զննում ևն):
Եթե մենք այս երեք գործոնների մասով էական բարելավում չունենանք, ապա այս վիճակագրությունը, որն իրականում կյանքեր են, ոչ թե` թվեր, գնալով վատանալու է»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը