Այն բանից հետո, երբ «Հայկական ազգային ավիաուղիներ» ՓԲԸ-ի (հայտնի է «Ֆլայ Արնա» ապրանքանիշով) միակ ինքնաթիռը դուրս գրվեց ՀՀ օդանավերի ռեգիստրից, Քաղավիացիայի կոմիտեն մարտի 7-ին կասեցրել է այս փոխադրողի օդանավ շահագործողի վկայականի (ՕՇՎ) գործողությունը:
Հիշեցնենք, որ «Ֆլայ Արնայի» շարժակազմում գրանցված «Airbus A320» ինքնաթիռը (ՀՀ գրանցումը՝ EK-YRB) հունվարի 16-ից թռիչքներ չէր իրականացնում, իսկ փետրվարի 26-ին Երեւանից թռել էր Շարժա: Մարտի 6-ին էլ Քաղավիացիայի կոմիտեի հրապարակած ցանկից պարզ էր դարձել, որ այս օդանավն ապագրանցվել է հայկական ռեգիստրից:
«Հետքը» գրել էր, որ, ըստ գործող օրենսդրության, ՕՇՎ ունեցող ավիաընկերությունը պետք է լինի առնվազն մեկ օդանավի սեփականատեր կամ վարձակալ (ենթավարձակալ) կամ գոնե ունենա օդանավի վարձակալության (ենթավարձակալության) մասին հուշագիր, այլապես նրա ՕՇՎ-ի գործողությունը կկասեցվի առավելագույնը 6 ամսով, եւ այս ընթացքում փոխադրողը պետք է քայլեր ձեռնարկի՝ օրենսդրական նշված պահանջը բավարարելու համար: Չբավարարելու դեպքում նրա վկայականի ուժը կորցրած կճանաչվի: Իսկ առանց ՕՇՎ-ի ոչ մի ավիափոխադրող չի կարող կոմերցիոն թռիչքներ կատարել:
Փաստորեն, այդպես էլ եղավ: Մարտի 7-ին ՔԱԿ-ը «Ֆլայ Արնայի» վկայականի գործողությունը կասեցրել է 6 ամսով՝ մինչեւ սեպտեմբերի 7-ը: Եթե այդ ընթացքում ավիաընկերությունը օդանավ ձեռք չբերի կամ գոնե դրա ձեռքբերման մասին հուշագիր չստորագրի, կզրկվի իր ՕՇՎ-ից:
Հիշեցնենք, որ «Ֆլայ Արնան» հայ-արաբական համագործակցության արդյունք է: Դրա 49 %-ը պատկանում է «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ին (ANIF), որը պետական հիմնադրամ է, 49 %-ն էլ պատկանում է արաբական «International Business Company (FZE)»-ին, որը փոխկապակցված է «Air Arabia» ավիաընկերությանը: Փաստացի հենց արաբական այս փոխադրողն է համարվում «Ֆլայ Արնայի» բաժնետեր: Մնացած 2 %-ը պատկանում է ՀՀ քաղաքացի Վարուժան Ներգիզյանին, որը լիբանանահայ տնտեսագետ ու գործարար է, ԱՄԷ-ի, Լիբանանի եւ Մերձավոր Արեւելքի այլ երկրների բիզնես շրջանակների ներկայացուցիչ է:
«Հայկական ազգային ավիաուղիներ» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալը 8.852.430.000 դրամ է, ինչը նշանակում է, որ ՀՀ 49 % ներդրումն այս ընկերությունում հավասար է 4.337.690.700 դրամի:
«Ֆլայ Արնան» ՕՇՎ էր ստացել 2022-ի մայիսի 5-ին, իսկ թռիչքները մեկնարկել էր նույն տարվա հուլիսի 3-ից: Վերջին թռիչքը եղել է 2024 թ. հունվարի 16-ին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը