07 03 2024

Քոբայր-Բագրատաշեն ճանապարհը չեն հասցրել կառուցել

Քոբայր-Բագրատաշեն ճանապարհը չեն հասցրել կառուցել

Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 7-ի նիստում հավանություն տվեց երրորդ անգամ Հայաստանի և Ասիական զարգացման բանկի միջև «Վարկ 3449-ARM․ «Հայաստան-Վրաստան սահմանային տարածաշրջանային ճանապարհի (Մ6 Վանաձոր-Բագրատաշեն) բարելավման ծրագիր» - վարկի փակման ժամկետը երկարաձգելու համաձայնագրին:

ՈՐոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ և ԱԶԲ միջև 2016թ․նոյեմբերի 9-ին ստորագրված «Հայաստան-Վրաստան սահմանային տարածաշրջանային ճանապարհի (Մ6 Վանաձոր-Բագրատաշեն) բարելավման ծրագիր» վարկային համաձայնագրի նպատակն է հիմնանորոգել Մ6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի՝ Քոբայր-Բագրատաշենի սահմանային անցակետ հատվածը (կմ 38+450-կմ 90+191‚ երկարությունը՝ 51․74 կմ):

Ծրագրի շրջանակներում կնքվել են շինարարական աշխատանքների իրականացման երեք պայմանագրեր, ինչպես նաև խորհրդատվական ծառայությունների մատուցման պայմանագրեր:

Հաշվի առնելով, որ վարկային  միջոցների հասանելիության ժամկետը՝ 2023թ․ դեկտեմբերի 31-ը, չի բավականացրել շինարարական աշխատանքների որակի համար կապալառուների պատասխանատվության (365 օր) ժամանակահատվածի ապահովման, ինչպես նաև նախագծային մի շարք աշխատանքներ ավարտելու համար՝ առաջացել է Համաձայնագրի երկարաձգման անհրաժեշտություն:

Պայմանավորված այդ հանգամանքով՝ նախատեսվում է երկարաձգել ծրագրի փակման ժամկետը՝ մինչև 2024թ. օգոստոսի 31-ը:

Միաժամանակ, ծրագրի շրջանակներում իրականացվող Դիլիջանի և Պուշկինի ավտոճանապարհային թունելների մանրամասն հետազոտման, հիմնանորոգման ու արդիականացման նախագծային աշխատանքներն ավարտին հասցնելու նպատակով (համաձայնագրի ժամկետը մինչև 2024թ. օգոստոսի 31-ը երկարաձգելու պարագայում) նախատեսվում է կատարել նաև վերաբաշխում՝ «Չբաշխված գումարներ» բաղադրիչից 2.85 մլն եվրո գումար հատկացնելով «Շինարարական աշխատանքներ և խորհրդատվական ծառայություններ» (2.5 մլն եվրո) և «Պահպանման ծախսեր» (0.35 մլն եվրո) բաղադրիչներին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ