26 01 2024

ԼՂ 42 809 քաղաքացի ժամանակավոր պաշտպանության վկայական ստանալու դիմում է ներկայացրել

ԼՂ 42 809 քաղաքացի ժամանակավոր պաշտպանության վկայական ստանալու դիմում է ներկայացրել

Հունվարի 28-ից ժամանակավոր պաշտպանություն ստացած ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցները ճանապարհորդելիս անձնագրի հետ պետք է ունենան նաև ժամանակավոր պաշտպանության վկայական։ Այս մասին, այսօր՝ հունվարի 26-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը՝  ներկայացնելով արցախցիներին Կառավարության «Հումանիտար կենտրոն»-ի կողմից ցուցաբերվող աջակցության աշխատանքների ընթացքը։

Պաշտոնյան բացատրեց, որ ժամանակավոր պաշտպանության վկայականն այն մասին է, որ տվյալ անձն օգտվում է միջազգային պաշտպանությունից, այն է՝  որևէ պարագայում չի կարող հանձնվել, արտահանձնվել, կամ էլ հարկադրաբար տեղափոխվել Ադրբեջան։

Արմեն Ղազարյանի խոսքով՝ այն հատուկ նպատակի է ծառայում՝  ճանապարհորդությունների ժամանակ հավելյալ պաշտպանության միջոց կիրառել ԼՂ-ից բռնի տեղահանվածների նկատմամբ։

Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի տեղեկացմամբ՝  ժամանակավոր պաշտպանության վկայականը գործում  է 1 տարով, այն երկարաձգվելու է կառավարության որոշմամբ։

«Հունվարի 25-ի դրությամբ ժամանակավոր պաշտպանության վկայական ստանալու վերաբերյալ ստացել ենք 42 809 դիմում, որոնց  ճնշող մեծամասնություն արդեն իսկ այն ստացել են։ ԼՂ-ից տեղափոխվածների հաշվառման թիվն արդեն իսկ  մոտեցել է  շուրջ 50 հազարի»,- հավելեց նա։

Արմեն Ղազարյանը ևս մեկ անգամ հիշեցրեց, որ  ժամանակավոր պաշտպանության վկայական ստանալու դեպքում ԼՂ-ից բռնի տեղահանված բնակիչները չեն զրկվում  Հայաստանի կառավարության կողմից տրամադրվող սոցիալական աջակցության ծրագրերից։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ