Ի պատասխան Հայաստանի բարի կամքի ցուցաբերման՝ ականապատ տարածքների 8 քարտեզներն Ադբեջանին հանձնելու պատրաստակամության Բաքուն հանդես է եկել հայտարարությամբ ու Հայաստանին մեղադրել ռազմական հանցագործությունների համար։
«Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության այս հայտարարությունը ցույց է տալիս, որ Երևանի նպատակը մարդասիրական գործընթացին նպաստելը չէ, այս քայլը չի կարող դիտարկվել որպես վստահության ամրապնդման միջոց»,-ասված է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։
Ադրբեջանը նաև մեղադրել է Հայաստանին Արցախի տարածքների ականապատման համար՝ հայտարարելով, որ դրանք «ադրբեջանական տարածքներ» են, իսկ ականապատումը խանգարում է «լայնածավալ վերականգնողական աշխատանքներին, խաղաղ բնակչության, ինչպես նաև ներքին տեղահանվածների վերադարձին, և նրանց խաղաղ ապրելու հիմնական սպառնալիքներից մեկն է»։
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ ԱԱԾ-ն հայտարարություն տարածեց, որտեղ մասնավորապես ասված է. «Ազգային անվտանգության ծառայությունը վերսկսել է հարցումային աշխատանքը ԼՂ նախկին զինծառայողների շրջանում, որի արդյունքում ի հայտ են եկել թվով 8 նոր տեղեկամատյաններ:
Այդ տեղեկամատյանները առաջիկա օրերին աշխատանքային խողովակներով կփոխանցվեն ադրբեջանական կողմին: Դրանց կրկնօրինակները կփոխանցվեն միջազգային գործընկերների»։
Ադրբեջանի ԱԳ նախարարությունը հայտարարության մեջ նշել է, որ Հայաստանի տրամադրած քարտեզները 25 տոկոսով են ճշգրիտ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը