10 01 2024

Զինվորները բանակ են բերում իրենց ընտանիքի, փողոցի մշակույթը․ Արմեն Խաչատրյանը՝ բանակում սպանությունների մասին

Զինվորները բանակ են բերում իրենց ընտանիքի, փողոցի մշակույթը․ Արմեն Խաչատրյանը՝ բանակում սպանությունների մասին

Ինչքան էլ բարեփոխումներ իրականացվեն բանակում, ինչքան էլ դրանք արդյունքի հասնեն, բանակում միշտ հանցագործություններ եղել եւ լինելու են, այդ թվում դժբախտ պատահարներ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:

«Ուղղակի դրանք պետք է հասցվեն նվազագույնի, հնարավորինս պետք է բացառել, բայց ամբողջովին բացառել հնարավոր չէ»,-ասաց նա՝ անդրադառնալով նախօրեին բանակում միանգամից երկու մահվան դեպքերին:

«Ցանկացած նման դեպքից հետո, խնդիրները պարզելուց հետո պետական կառավարման մարմինը միջոցառումներ է ձեռնարկում, որ նպաստող պայմաններն ու պատճառները վերացվեն:

Ոչ կանոնադրական հարաբերությունները զինված ուժերում բավականին նվազել են, տարեցտարի նվազում է, բայց դա մեր ցանկալի արդյունքը չէ: Պետք է հաշվի առնել, որ այդ նույն զինվորները գալիս են քաղաքացիական կյանքից, նրանք դաստիարակություն են ստանում իրենց ընտանիքներում, դպրոցում, փողոցում եւ հանրության մեջ եղած մշակույթի փոխանցվում է բանակ՝ ավելի խտացված գույներով:

Բանակը ստանում է մի սուբյեկտ, որն արդեն ունի իր արժեհամակարգը: Մեր խնդիրն է, որ բանակից հետո այդ մարդիկ այլ արժեհամակարգով, այլ դաստիարակվածությամբ, անգամ այլ ֆիզիկական տվյալներով հետ վերադառնան տուն: Բայց դա անելը բավականին դժվար է: նաեւ հաշվի առեք, որ պատերազմից հետո մեր բանակում շատ լուրջ խնդիրներ կան»,- ընդգծեց Արմեն Խաչատրյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ