Փաստաբան Վահան Հովհաննիսյանը գրում է.
«Ով չի ուզում վատ զգալ ու հարամել իր շաբաթ օրը, կարող է չկարդալ:
Մի արտառոց դեպքի մասին եմ պատմելու, որը տեղի է ունեցել Հայաստանում, մեր ժամանակներում։
ՀՀ քննչական կոմիտեում մի շարքային գործ է քննվում։ Այդ գործով պաշտպանյալս 60 տարեկան է, մասնակցել է Արցախյան բոլոր պատերազմերին, 44-օրյա պատերազմին փրկել է 14 զինվորի կյանք, իր անձնական միջոցներով, այն պարագայում երբ իր տունն ունի վերանորոգման կարիք, կառուցել է Արարատի մարզի եկեղեցիներից մեկը։ Պաշտպանյալս տեղաշարժվում է անվասայլակով, ունի կալանքի կրմանը խոչընդոտող հիվանդություններ;
Այդ պայմաններում պաշտպանյալիս տանում են կալանքի և դատարանը կալանք է կիրառում։ Չբավարարվելով դրանով,՝ պաշտպանյալիս առաջարկվում է համագործակցություն՝ տալ կեղծ ցուցմունք պաշտոնատար անձանց կաշառք տալու վերաբերյալ (որը հնարավորություն կտար ձերբակալել այն պաշտոնատար անձանց, որոնք անցանկալի են վարույթն իրականացնող մարմնի համար ), հակառակ պարագայում սպառնում կալանք կիրառել նրա ընտանիքի անդամների նկատմամբ։
Պաշտպանյալս հրաժարվում է կեղծ ցուցմունք տալ, որից հետո կալանք կիրառելու նպատակով դատարան տարվելու համար ձերբակալվում է նրա որդու կինը՝ ով ունի մեկ ամսեկան կրծքով կերակրվող երեխա։ Կնոջը մեղադրանք են ներկայացնում կրծքի երեխան գրկին, հետո տեսնելով, որ այդ պայմաններում կալանքի տանելը կանցնի բոլոր սահմանները, որոշում են ձերբակալումից ազատել։
Դրանից հետռո ձերբակալում են պաշտպանյալիս որդուն, այդ մեկ ամսեկան երեխայի հորը տանում դատարան և դատարանը կալանք է կիրառում։
Չբավարարվելով դրանով, վարույթն իրականացնող մարմինը պատրաստվում է ձերբակալել նաև պաշտպանյալիս կնոջը, ով ծանր վիրահատությունից հետո անկողնուց դուրս գալ չի կարողանում, նրա եղբորը և եղբոր որդուն։
Հիմա նույն գործով կալանքի տակ են հայրը և որդին, այն պարագայում երբ Հայաստանում միշտ եղել է չգրված օրենք՝ մեկ հայ ընտանիքից երկու հոգու նկատմամբ կալանք չկիրառել։
Բայց Հայաստանում վաղուց արդեն չեն գործում ոչ գրված, ոչ չգրված օրենքներըը։ Սա է մեր իրավաբանության ներկա վիճակը։
Հա, մոռացա, ՄԻՊ ունեինք չէ՞»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը