«Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերությունը պայմանագիր կկնքի «Ռուսատոմ Սերվիս» ընկերության հետ՝ ատոմակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարացնելու նպատակով։
Հարցը ներկայաված է կառավարության հաստատմանը: Փաստաթղթում նշվում է, որ պայմանագիրը կկնքվի մեկ անձից գնման ձևով և պայմանագրի գինը չի կարող գերազանցել 65 միլիոն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ գումարի չափը։
«Ծրագրի ֆինանսավորումը նախատեսվում է իրականացնել «ՀԱԷԿ» ընկերությանը տրամադրվելիք բյուջետային վարկի միջոցներով, ինչն իր հերթին Հայաստանի պետական բյուջեում կարող է առաջացնել ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում»,- ասված է կառավարության հիմնավորման մեջ։
«Միջոցառումները պետք է իրականացվեն 2023-2026 թվականները ընկած ժամանակահատվածում: Ընդ որում, նորմատիվային պահանջների համաձայն՝ ռեակտորային տեղակայանքի համակարգերում և սարքավորումներում բոլոր աշխատանքները պետք է համաձայնեցվեն Հայկական ատոմային էլեկտրակայանի գլխավոր նախագծողի, ռեակտորային տեղակայանքի գլխավոր կոնստրուկտորի, շահագործման գիտական ղեկավարի հետ», - նշվում է նախագծում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը