24 08 2024

Նոր ատոմակայանի կառուցման դիլեման. «Փաստ»

Նոր ատոմակայանի կառուցման դիլեման. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Անցյալ տարի կառավարությունը որոշում կայացրեց վերազինել Ատոմակայանը, որպեսզի շահագործման ժամկետը կրկին երկարացվի մինչև 2036 թվականը: Մյուս կողմից էլ՝ պարզ է, որ անհնար է անվերջ երակարացնել ատոմակայանի կյանքը, ուստի Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովման համար անհրաժեշտ է նոր ատոմակայան ունենալ։ Դրա համար էլ քննարկվում է նոր կայանի կառուցման հարցը։ Դեռևս 2022 թվականի հունվարի 20-ին Դուբայում «Ռոսատոմ» պետական կորպորացիան և Հայկական ատոմային էլեկտրակայանի ղեկավարությունը ստորագրեցին Հայաստանի տարածքում ռուսական դիզայնով նոր ատոմային էներգաբլոկների կառուցման հարցով հնարավոր համագործակցության ուսումնասիրման համար փոխըմբռնման հուշագիր։

Այսինքն, սկզբից դիտարկվում էր, որ նոր ատոմակայանը պետք է ռուսական կողմը կառուցի, բայց անցած տարի պարզ դարձավ, որ ԱՄՆ մասնագետների հետ քննարկումներ են ընթանում Հայաստանում մոդուլային ռեակտորների կառուցման շուրջ։ Եվ հիմա արդեն ԱՄՆ քաղաքացիական միջուկային էներգիայի համաձայնագրին միանալու Երևանի դիմումը դրական արձագանք է ստանում։ Ըստ ամերիկյան կողմի, մոդուլային միջուկային ռեակտորների կառուցումը Հայաստանի համար կարող է հանգեցնել ավելի մեծ էներգետիկ անկախության, բայց, ինչպես նկատում են փորձագետները, ԱՄՆ-ն նման ռեակտորների շահագործման փորձ չունի։ Եվ այս պահին աշխարհում շահագործվում է միայն 2 փոքր ռեակտոր՝ Չինաստանում ու Ռուսաստանում։ Էներգետիկայի ոլորտի մասնագետների դիտարկմամբ, որևէ մեկը չի կարող հիմնավոր կերպով ապացուցել, որ ամերիկյան կողմի կառուցած մոդուլային ատոմակայանը կարող է բարձր արդյունավետություն ունենալ, քանի որ դրանք դեռ գործնակում չեն շահագործվել։ Ժամանակի ընթացքում միայն արդյունքները կերևան, իսկ Հայաստանը շատ ժամանակ չունի՝ հաշվի առնելով, որ նոր ատոմակայանի կառուցումից առաջ պետք է իրականացնել նաև նախագծային աշխատանքներ։ Ուստի. կառավարությունը պետք է արագ կողմնորոշվի և որոշում կայացնի։

Մասնագետների համոզմամբ, արդյունավետության ու «Ռոսատոմի» հետ համագործակցության փորձի առկայության մասով ռուսական տարբերակն զգալի առավելություններ ունի, ուստի այդ առաջարկից հրաժարվելը Հայաստանի էներգետիկ ոլորտի համար կարող է խնդրահարույց լինել։

Այլ հարց է, որ Հայաստանը, այս առաջարկից չհրաժարվելով հանդերձ, կարողանա միաժամանակ նաև ԱՄՆ-ի հետ համագործակցել միջուկային ոլորտում՝ հատկապես եթե ներդրումներն իրականացվեն այդ երկրի կողմից։ Այդ դեպքում Հայաստանը ոչ միայն նոր միջուկային տեխնոլոգիաների կարող է տիրապետել, այլև կարող է ապահովել ամերիկյան մոդուլային կայանների շահագործման նախադեպ։ Մյուս կողմից էլ՝ մեր երկիրը չպետք է սահմանափակվի ԱՄՆ-ի ու Ռուսաստանի հետ համագործակցությամբ, միջուկային էներգետիկայի ոլորտում կարող է օգտակար լինել նաև Հարավային Կորեայի, Չինաստանի ու Ֆրանսիայի փորձը, որի արդյունքում ավելի մեծ էներգետիկ անկախություն կարելի է ձեռք բերել»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ