«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի ելույթը ԱԺ հայտարարության ժամին.
«Մենք, որպես պետություն, հանրություն, որպես անհատ պարտավոր ենք փոխվել, արմատապես փոխվել, եթե ցանկանում ենք ամրանալ, ուժեղանալ ու այլեւս երբեք չկրկնել մինչ օրս արած սխալներն եւ չանցնել արհավիրքների եւ ողբերգությունների միջով:
Մենք պետք է փոխվենք ոչ թե խոսքով, այլ գործով, մենք պետք է վերածվենք մի երկրի, որին հարգում են, որի հետ հաշվի են նստում: Կարո՞ղ ենք, իհարկե, կորող ենք:
Եւ որպես առաջին քայլերից մեկը մենք պետք է Ստեփանակերտից, Մարտունուց, Ճարտարից, Մարտակերտից, Հադրութից, Շուշիից, Հաթերքից, Ասկերանից, Ավետարանոցից, արցախյան մյուս բնակավայրերից Երեւանում, Վանաձորում, Իջեւանում, Ստեփանավանում, այլ քաղաքներում ու գյուղերում հաստատված արցախցի մեր քույրերի եւ եղբայրների համար անել ամեն ինչ, որ նրանց համար ստեղծենք ապրելու համար արժանապատիվ պայմաններ:
Ես ուզում եմ, որ արցախցիներին բնակարան կամ տուն վարձակալությամբ հանձնողները հիշեն, թե որտեղից են եկել այդ մարդիկ եւ ինչերի միջով են անցել: Ես ցանկանում եմ, որ արցախցին չնեղվի բնակարանի կամ տան վարձը վճարելիս միայն այն պատճառով, որ նպաստները այս կամ այն պատճառով ուշացումով են վճարվում:
Ես ցանկանում եմ, որ գործատուները, այդ թվում համայնքապետարանները չզլանան արցախցիներին գործ առաջարկելիս:
Ես ուզում եմ, որ կառավարությունն օր առաջ ներկայացնի արցախցիներին մշտական բնակարանով կամ տնով ապահովելու ծրագիրը:
Ես պահանջում եմ, որ պետությունը, կառավարությւոնը, մենք բոլորս ամեն ինչ անենք, որ արցախցիները չբռնեն օտարության ճանապարհը:
Արցախցիները մեր հարստությունն են, մեր գանձն են, նրանց մենք պետք է ամուր պահենք մինչ այն օրը, երբ նրանք կարողանան վերադառնալ եւ անվտանգ ու արժանապատիվ ապրել իրենց ծննդավայրում:
Ես ցանկանում եմ, որ իջեւանցիները, երեւանցիները, գյումրեցիները, սիսիանցիներն ու մեղրեցիները օրինակ վերցնեն արցախցի ընտանիքներից եւ շատ երեխաներ ունենան:
Միայն անցած շաբաթ, միայն Երեւանում ծնվել է 54 արցախցի երեխա: Բավական մեծ եւ ոգեւորիչ թիվ է:
Մենք որպես ազգ ունակ ենք ունենալ ուժեղ եւ արժանապատիվ երկիր, պետություն»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը