«Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծի զեկույցով ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում էր ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը: Ներկայացնելով արվող փոփոխութունն ասաց. «Գյումրու մաքսային կետում ներկրվող մեքենաների հոսքն ավելի մեծ է քան ձևակերպվողներինը, չնայած այն քչացել է, բայց խնդիրն առկա է: Որպեսզի այդ տարածքը չօգտագործվի ուղղակի կայանման վայր, մենք առաջարկում ենք դրույքաչափերը բարձրացնել, ինչը կնշանակի, որ, օրինակ, 85 03 կոդի դասվող մարդատար ավտոմեքենայի համար եթե այսօր գանձվում է 1600 դրամ, ապա կգանձվի 5000 դրամ, ինչը չի գանձվի այն պարագայում, երբ ներմուծողը՝ իրավաբանական կամ ֆիզիկական անձը ձևակերպումն իրականացնի, ընդ որում սահմանել ենք, որ պետական տուրք ընդհանրապես չի գանձվելու»:
Արձագանքելով զեկուցողին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանն ասաց « Պարոն Մանուկյա՛ն, Ձեր կառավարությունն ինչո՞ւ է ընկել ավտոներկրողների հետևից, մարդիկ բիզնես են անում, եթե հարկերից խուսափում են՝ արդյունավետ վարչարարություն արեք, բացահայտեք, տուգանեք: Բայց ի՞նչը ձեր դուրը չի գալիս այս ոլորտի հետ կապված. տարվա վերջին նախագիծ եք բերում իրար վրա, ոլորտի բեռը բարձրացնում… Ասում եք՝ օրը 1600 դրամը փոքր թիվ է, եկեք դարձնենք 5000 դրամ, օրը 1600 դրամով որտե՞ղ կանգառ կա, է օրը 5000 դրամ մի դարձրեք, այլ՝ 500 000 դրամ դարձրեք, տրամաբանությունը ո՞րն է… Մարդիկ բիզնես են անում, հաշվարկ են անում, մեկ էլ հանկարծ ներվայնանում եք, մի օրինագիծ վերցրած գալիս եք ԱԺ»,-ասաց Թադևոս Ավետիսյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը