ՀՀ կառավարության այսօրվա նիստում գործադիրը որոշում է կայացրել 2023 թվականին ԿԳՄՍ նախարարությանը հատկացված միջոցներից 87 մլն 696 հազար դրամն ուղղել «Ակադեմիական քաղաք» ծրագրի նախագծահետազոտական ծախսերին, որի շրջանակում կիրականացվի քաղաքի գլխավոր հատակագծի մշակման աշխատանքների առաջին վճարումը:
Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ Կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 26-ի որոշմամբ հաստատվել էր մեկ անձից գնման ընթացակարգով գերմանական «ՋիԷմՓի ինթերնեյշնլ» ճարտարապետական ընկերության և «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի կոնսորցիումից համապատասխան աշխատանքների ձեռքբերումը, որի հիման վրա հոկտեմբերի 30-ին արդեն կնքվել է պայմանագիր:
Ըստ նախարարի՝ այն պետք է իրականացվի երկու փուլով և երեք վճարմամբ. «Այս պարագայում իրականացնում ենք կանխավճարը, որին կհաջորդեն առաջին և երկրորդ փուլերը: Պայմանագրի ընդհանուր արժեքը կազմում է 597 մլն 245 հազար դրամ, ընդ որում՝ սա առավելագույն արժեքն է. շուրջ 193 մլն դրամը կծախսվի, եթե բացի հիմնական տեղամասից կարիք լինի անդրադառնալ նաև պահեստային՝ Հայֆիլմի տարածքի նախագծման աշխատանքներին»,-նշել է նախարարը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը