04 11 2023

Ծրագրի դրամահավաքային ծավալը հաշվի առնելով, դժվար թե իշխանության որևէ օղակի հետ դա համաձայնեցված չլիներ. Աբրահամյան

Ծրագրի դրամահավաքային ծավալը հաշվի առնելով, դժվար թե իշխանության որևէ օղակի հետ դա համաձայնեցված չլիներ. Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար  Տիգրան Աբրահամյանն անդրադարձել է ՈՄԱ նախաձեռնության «Գմբեթ 2» ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակին։

Հիշեցնենք, որ բազմաթիվ քաղաքացիներ, կազմակերպություններ, նաև ուսումնական հաստատություններ գումար են հավաքել ու փոխանցել ՈՄԱ-ի այդ ծրագրի իրականացման համար։

««ՈՄԱ» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Գմբեթ 2» պաշտպանական կետերի կառուցման աշխատանքների մասով հակասական իրավիճակ է ստեղծվել:

Կազմակերպության ներկայացուցիչը պնդում է, որ այն իրականացվում է ՊՆ-ի գիտությամբ և համատեղ որոշմամբ, ՊՆ-ն հայտարարում, որ «ՀՀ ԶՈՒ-ն սահմանային և թիկունքային պահպանության տեղամասերում ամրաշինական և ինժեներական աշխատանքները պատշաճ իրականացնում է և այն իրականացնելու ընթացքում  նյութական և ֆինանսական աջակցության կարիք չունի»:

ՊՆ-ն նաև տեղեկացրել է, որ կազմակերպությանը ինժեներական աշխատանքների կատարման թույլտվություն չի տվել, ավելացնելով, որ «ՈՄԱ»-ի հիշյալ նախաձեռնությունն, ինչպես նաև առհասարակ որևէ  դրամահավաք ՊՆ-ի հետ համաձայնեցված չէ։

Մի կողմից կա ՊՆ արձագանքը, մյուս կողմից «ՈՄԱ»-ի պնդումը ու այս պարագայում ավելի շատ տպավորություն է ստեղծվում, որ այս թեման, այնուամենայնիվ, քննարկվել ու համաձայնացվել է, բայց դժվար է ասել, թե իշխանական որ կաբինետում և կոնկրետ ում հետ, համենայդեպս ՊՆ-ի տեղեկացմամբ` ոչ իր:

Սակայն ծրագրի դրամահավաքային ու կազմակերպչական բաղադրիչն ու ծավալը հաշվի առնելով, դժվար թե իշխանության որևէ օղակի հետ դա համաձայնեցված չլիներ:

Ի դեպ, «ՈՄԱ»-ի այս ծրագիրը թաղելու համար իշխանությունը դաշտ է նետել Անդրանիկ Քոչարյանին, ով անդրադառնալով առաջնագծում ինժեներական աշխատանքների իրականացմանը, նշել է, որ չեն կարող ներկայացնել պաշտպանական գծերի աշխատանքների մեծ ծավալը` ոչ թե ՈՄԱ հողաթմբերը, այլ հիմնական կառույցները, որոնք էֆեկտիվ բարձրացնում են զինորի կյանքի անվտանգությունը:
Անդրանիկ Քոչարյանը նաև հայտնի է նրանով, որ լավ գիտի, թե որ թեման ինչպես տապալի:
Հենց միայն իր հայտնվելն ու ինչ-որ թեմային անդրադառնալը` լավո՞վ, թե՞ վատով, արդեն իսկ ունակ է վարկաբեկել նույնիսկ առաջին հայացքից տպավորիչ թվացող ցանկացած նախաձեռնություն:
Նրան իշխանության մեջ հենց դրա համար էլ պահում և կիրառում են:

Ինքս չեմ տիրապետում «ՈՄԱ»-ի կողմից իրականացվող աշխատանքների նախագծին ու դրա բնույթին` պարամետրերից մինչև որակ, բայց այս թեման առաջին պլան բերեց իշխանության տարբեր թևերի հակասություններն ու ինտրիգները»,-գրել է պատգամավորը։

ՈՄԱ կազմակերպության հանրային կապերի պատասխանատու Անգին Խաչատրյանը հայտարարել է, որ ՈՄԱ-ն ամրաշինական կառույցներ սարքում է պաշտպանական երկրորդ և երրորդ գծերում՝ մասնավոր տարածքներում, իսկ դրա, ինչպես նաև՝ դրամահավաք իրականացնելու համար ՊՆ-ի թույլտվության կարիքը չկա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ