02 11 2023

Աննախադեպը կերե՜ք. մեր պատմությունը ձեր նմանների ձեռքով մաքրվում է դպրոցներից. «Հրապարակ»

Աննախադեպը կերե՜ք. մեր պատմությունը ձեր նմանների ձեռքով մաքրվում է դպրոցներից. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է.

Նույնիսկ ԿԳՍՄ  նախարար Ժաննա Անդրեասյանն է ապշահարվել ու նախարարության բյուջեն համարում է աննախադե՜պ։ Աննախադեպը Նիկոլի բրենդն է, արդեն թիմն էլ է օգտվում այդ կեղծ  բրենդից։ Նիկոլի պես մեկ էլ Նիկոլն է լինում՝ իրեն հեզորեն ծառայողին, հանձնման  ծրագրային գործընթացի իր  դրույթներն իրագործողին այնքան փող տա ծառայության համար, որ նա հաճույքից հալվի՝ աննախադե՜պ է․․․ Ահա թե ինչպես է հաճույքն արտահայտում․ 

«Էական ավելացել է բյուջեն, հաշվի առնելով ըստ տարիների դինամիկան` կարող ենք ասել, որ սա աննախադեպ ավելացում է, որովհետև այսպիսի մեծ ծավալով ավելացում նախորդ տարիներին չի եղել, նման ծավալի աճ առաջին անգամ ենք գրանցում»։ 

Նախորդ տարիներին ինչի՞ ավելացվեր, եթե Արցախը դպրոցական դասագրքերի  քարտեզի վրա  կար, եթե հայ ժողովրդի պատմությունը աղավաղված չէր, եթե ծնողներն ու աշակերտները հայ ժողովրդի պատմություն գրքից շանթահարված չէին։ Դա քո անդուլ աշխատանքի արդյունքն է, քո դառը քրտինքն է, որ թափեցիր՝ այդ ամենն իրագործելու, թղթին հանձնելու, պաշտոնապես վավերացնելու համար։ Հիմա ինչի՞ց ես զարմացել։ Աննախադեպը կերե՜ք, մարսե՜ք ։ Էլ Արցախ չկա, մեր պատմությունը ձեր նմանների ձեռքով մաքրվում է դպրոցներից։ Այդ մեծ գործի համար ի՜նչ մի մեծ բան է նախարարությանն աննախադեպ փող հատկացնելը․․․ Ու աննախադեպի տողատակերում էլ կեղծ նոտա դնել՝ նախկինների օրոք, նախորդ տարիներին նման գումար չի հատկացվել նախարարությանը։ Իբր դպրոց են բարեփոխում, զարգացնում, մատաղ սերնդի կրթությամբ են մտահոգ։ Սառը պատերի մեջ առանց ազգայինի կրթություն են տալի՜ս․․․Այդ աննախադեպ գումարն ինչու՞ Արցախը հանձնելուց հետո տրամադրվեց։ Ինչու՞ հայ ժողովրդի պատմությունը աղավաղելուց, խեղաթյուրելուց հետո տրամադրվեց։ Այդ հարցերը շաղկապված են այն մեծ քաղաքականության հետ, որն իրագործվում է Հայաստանում՝ առանց ազգային մտածողության։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ