26 10 2023

Արցախցիները կարո՞ղ են այստեղ, որպես փախստականներ, բնակարաններ ստանալ. հարց՝ նախարարին



«Կառավարության այսօրվա որոշմամբ օրենքի ուժով բռնի տեղահանված հայրենակիցներին տրվում է ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ, որը հենց փախստականի կարգավիճակն է, և այնուհետև արդեն նրանց սոցիալական երաշխիքները և հետագա անելիքները պայմանավորված են լինելու հենց այդ հստակեցված կարգավիճակով»։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։

Հարցին, թե արդյոք դա նշանակում է, որ արցախցիները կարող են այստեղ որպես փախստականներ բնակարաններ ստանալ, նախարարը պատասխանեց. «Ինչ վերաբերում է սոցիալական երաշխիքներին, Կառավարության ձեռնարկած միջոցառումները շարունակվելու են, բայց նաև, ինչպես երեկ ԱԺ ամբիոնից վարչապետը հայտարարեց, մեր քաղաքացիները, որոնք կցանկական, կարող են դիմել և ստանալ ՀՀ քաղաքացիություն»,- ասաց Մինասյանը։

Նա ընդգծեց, որ փախստականի կարգավիճակ ստանալը դե ֆակտո կարգավիճակի իրավաբանորեն ամրագրումն է, որը հնարավորություն է ստեղծում թե՛ մեր ԱԳՆ-ի, թե՛ միջազգային ատյաններում ներկայացուցչություն ապահովող մեր Կառավարության ներկայացուցիչներին՝ հստակ կարգավիճակով դիմել համապատասխան ատյաններ և պահանջատիրական հայցերով հենց որպես փախստական ներկայացնել մեր բռնի տեղահանված հայրենակիցներին։

.

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ