06 10 2023

Դեսպանը արդեն կնստի ավելի քան 20 մլն դոլարանոց կեցավայրում

Դեսպանը արդեն կնստի ավելի քան 20 մլն դոլարանոց կեցավայրում

Այսօր ՀՀ դեսպանատան նոր շենքը պաշտոնապես հանձնվեց ՀՀ կառավարությանը. այս մասին X սոցկայքի միկրոբլոգում գրել է Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը:

«Շնորհակալ եմ Arundel Group-ի նախկին սեփականատերերին այս շենքի հարուստ պատմությունը մանրամասնող գիրք նվիրելու համար: Հուսով եմ, որ Սենթ Ջեյմս պատմական թաղամասում գտնվող այս շենքը նոր լիցք կհաղորդի Հայաստանի և Մեծ Բրիտանիայի երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը։ Շուտով տեղի կունենա դեսպանատան պաշտոնական բացումը», - գրել է դեսպանը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Լոնդոնի կենտրոնական հատվածում` մի շարք դեսպանությունների և պետական գերատեսչությունների հարևանությամբ, Հայաստանի Հանրապետությունը 17 մլն 380 800 ֆունտ ստեռլինգով (ավելի քան 8 մլրդ դրամ) ձեռք է բերել դեսպանության նոր շենք։ Այս մասին ՀՀ կառավարության նիստին հայտարարել էր ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը։

ՀՀ դեսպանության համար ծառայողական շենքը ձեռք բերելու համար գումարները հատկացվել են ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից։

Փոխնախարարի խոսքով՝ Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանատունը 1992 թ. ի վեր տեղակայված է Լոնդոնի հայ համայնքի տրամադրած մի շենքում, որտեղ դեսպանությունը զբաղեցնում էր ընդամենը երկու սենյակ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ