29 09 2023

Արցախից Հայաստան ճանապարհին արձանագրվել են մեծահասակների մահվան դեպքեր

Արցախից Հայաստան ճանապարհին արձանագրվել են մեծահասակների մահվան դեպքեր

Ստեփանակերտից Կոռնիձոր ճանապարհին գրանցվել են մեծահասակների մահվան դեպքեր։ Այս մասին Գորիսում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Մարդիկ 40 ժամից ավելի ճանապարհին են եղել, և այդ ընթացքում գրանցվել են մահեր՝ ինսուլտից, մեծահասակ մարդկանց մահ: Գիտեք՝ բռնի տեղահանումը նաև ունի ցավագին հետևանքներ, որի ականատեսն ենք մենք այսօր. հյուծված, մի քանի ժամվա ընթացքում թողնելով իրենց ամբողջ ունեցվածքը, առաջին անհրաժեշտության պարագաներ, դեղեր չունենալով՝ ընկել են ճանապարհ և 40 ժամից ավելի գտնվել են ճանապարհին՝ խցանման մեջ, և նման հետևանքներն այս պարագայում անխուսափելի են»,- նշեց նախարարը։

ԼՂ-ում պայթյունից տուժածների վերաբերյալ Ավանեսյանը հայտնեց, որ ընդհանուր առմամբ 140-ից ավելի պացիենտներ տեղափոխվել էին ԲԿ-ներ միայն այրվածքներով:

«Հիմնական ծանր ընթացքը դեռ շարունակվում է, և մենք ունենք ծայրահեղ ծանր վիճակում պացիենտներ, բժիշկները պայքարում են նրանց կյանքը փրկելու համար: Գիտեք, որ այրվածքները երկար վերականգնման շրջան են ունենալու: Այդ ամբողջ ընթացքը մենք պլաստիկ վիրաբույժների և այլ անհրաժեշտ մասնագետների օգնությամբ ապահովելու ենք»,- ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ