23 09 2023

Սա չէր իմ պայքարի նպատակը. Սարգիս Ստեփանյան

Սա չէր իմ պայքարի նպատակը. Սարգիս Ստեփանյան

ՀՀ ԶՈՒ փոխգնդապետ Սարգիս Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 «Ես հպարտ եմ իմ թափած արյան, իմ Արցախյան գեների, իմ մղած պայքարի և իմ այսօրվա վիճակի համար։ Ու հպարտ եմ հատկապես նրա համար, որ ամեն անգամ Եռաբլուր բարձրանում եմ գլուխս բարձր, ու չնայած ոտքերս ձեզնից շատերի նման հողին չեն դիպչում և այլևս երբեք չեն դիպչելու, բայց ես անհունորեն հպարտ եմ, որ իմ արյունն է ամեն օր եռում նույն այդ հողի խորը խորքերում, որը հայաստանցի ու արցախցի չի ճանաչում, որը հավերժորեն կարոտ է իմաստուն տիրոջ։ Ու հողը բնավ չի ընկալում, որ այսօրվա մեր մթագնած ուղեղներում հանկարծ կրկին արթնացել է այդ հիվանդագին տարբերակումը։ Ի՜նչ վիրավորանք հողի նկատմամբ, ինչպիսի՜ անգրագիտություն... Ու ամեն անգամ, երբ ոմանց թշնամաբարո ձեռքով բարձրանում է այս հարցը, ինչ-որ տեղ Արցախի հողում իմ արյունը եռ է գալիս հողի խորը շերտերում, և միայն այդժամ ես սկսում եմ երերալ ու հանկարծ հիշել, որ այլևս իմ ոտքերով չեմ դիպչում այս հազարամյա հողին։ Սա չէր իմ պայքարի նպատակը, սա չէր Եռաբլուրում վեհորեն հանգչող տղերքի երազանքը, սա չէր մեր կողքին ապրող հաղթած տղերքի գիտակցված կռվի ցանկալի արդյունքը։ Ուստի բա՛վ է, բա՛վ, մի պահ կա´նգ առեք և հենց այդ քարացած ակնթարթին հիշե՛ք, որ Արցախի հողում Դուշման Վարդանների, Մոնթեների, Լեոնիդ Ազգալդյանների, այսօր արդեն Ռոբերտների, Սասունների, Արմենակների, Արարատների, Արշակների, Ազատների ու երկնքում ճախրող հազարավոր արծիվների արյունն է խլրտում ու կանչում սթափության, կանչում, սպասում, հավատում, որ երբևէ այս տառապած հողում մարդիկ այնքան իմաստուն կդառնան, որ վերջապես կհասկանան՝ չի լինում հայաստանցի ու արցախցի, լոռեցի ու գյումրեցի, լինում է հայ, ուղղակի հայ»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ