Ռուսաստանի Կարմիր խաչի ընկերության բեռնատար ավտոմեքենան, որը պարեն է տեղափոխում արցախահայերի համար, շարժվում է Աղդամի ուղղությամբ, տեղեկացրել է «Интерфакс-Азербайджан»-ը՝ հղում կատարելով Ադրբեջանի Կարմիր մահիկի ընկերությանը։
Նշվել է, որ Ադրբեջանի Կամիր մահիկի ընկերության եւ Ռուսաստանի Կարմիր խաչի ընկերության միջեւ համագործակցության մասին հուշագրին համապատասխան, որը նախաձեռնել է Ռուսաստանի կառավարությունն «Ադրբեջանի Ղարաբաղի տնտեսական գոտում ապրող» հայ բնակիչների պահանջմունքների բավարարման նպատակով, պարենով եւ ոչ պարենային ապրանքներով բեռնված մեկ բեռնատար մեքենա ժամը 14.30-ին հատել է «Սամուր» անցակետը եւ շարժվում է Սամուր-Բաքու, Բաքու-Բարդա երթուղով, Աղդամի եւ Ասկերանի ուղղությամբ, բեռները Խանքենդի հասցնելու համար։
«Բեռները վերջնակետ հասցնելուց հետո լրացուցիչ տեղեկություն կներկայացվի»,- նշվել է հաղորդագրությունում։
Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է.
«Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, ռուսական Կարմիր Խաչը ուտելիքներով ու առաջին անհրաժեշտության ապրանքներով բարձվել է ՌԴ –ի տարածքում ու հիմա Ադրբեջանի տարածքով շարժվում է դեպի Աղդամ: Կարելի է ենթադրել, որ Աղդամից թույլ են տալու ռուսական ապրանքները մտնեն Արցախ: Դրանից հետո Ադրբեջանը հավանաբար խոստացել է բացել Լաչինի միջանցքը:
Իմ տպավորությամբ, սա միջանկյալ լուծում է, վստահորեն առաջարկվել է ռուսական կողմից ու ընդունվել Ադրբեջանի ու Արցախի կողմից: Փաստացի, Արցախը չի ընդունում ադրբեջանական ապրանք, ներս չի թողնում իրենց Կարմիր Մահիկի կազմակերպությանը, բայց արգելապատնեշները քաշում են ռուսական Կարմիր Խաչի ու ՌԴ ապրանքների համար: Ադրբեջանը դա համարում է ձեռքբերում, Արցախն էլ ցույց է տալիս, որ հավատարիմ մնաց իր դիրքորոշմանը՝ չընդունել ադրբեջանական ապրանք:
Հուսամ՝ հետո իսկապես կբացվի Լաչինի միջանցքը:
Այդուհանդերձ, դառը փորձը ցույց է տալիս, որ «սատանան դետալների» մեջ է: Մնում է հույս ունենալ, որ ամեն կետ պայմանավորվել են հստակ ու Ադրբեջանը վերջում հետ չի կանգնի իր խոստումներից»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը