19 08 2023

Հելեն Դադայանի հարազատներն այսօր հավաքվել են Ստեփանակերտի ԿԽՄԿ գրասենյակի առաջ՝ պահանջելով աղջկա աճյունը տեղափոխել հայրենիք

Հելեն Դադայանի հարազատներն այսօր հավաքվել են Ստեփանակերտի ԿԽՄԿ գրասենյակի առաջ՝ պահանջելով աղջկա աճյունը տեղափոխել հայրենիք

Գյումրի-Երևան ավտոճանապարհին ավտովթարի զոհ դարձած Արցախի Ճարտար քաղաքի բնակչուհի Հելեն Դադայանի հարազատներն այսօր հավաքվել են Ստեփանակերտի ԿԽՄԿ գրասենյակի առաջ՝ պահանջելով աղջկա աճյունը տեղափոխել հայրենիք։

«Արդեն մոտ մեկ շաբաթ է` Հելենի աճյունը Գորիսի դիահերձարանում է։ Տևական ժամանակ է` ԿԽՄԿ-ն ձգձգում է պատասխանը։ Հիմա եկել ենք այստեղ` խնդրելու, որպեսզի կատարեն իրենց գործը, իսկ թե ինչու չեն կատարում, գոնե պատճառն ասեն։  Մեր հարցին այդպես էլ չի պատասխանել գրասենյակի ղեկավարը։ Թողել և հեռացել է։ ԿԽՄԿ-ն այս պահին, փաստորեն,  սպասում է Ադրբեջանի պատասխանին։

Մեզ է միացել նաև պետական նախարար Գուրգեն Ներսիսյանն ու առաջարկել դիմել Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատար Ալեքսանդր Լենցովին։ Օդանավակայանում հանդիպել ենք Լենցովին, ով ասել է, որ  սպասենք. եթե ԿԽՄԿ-ն պատասխան չտա, իրենք կփորձեն աճյունը տեղափոխել։ Իսկ եթե չստացվի, ապա պետք է բանակցեն, որպեսզի ծնողները գնան ու մասնակցեն հուղարկավորությանը»,-«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում մանրամասնել է Հելենի եղբայրը` Նվեր Ստեփանյանը։

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը գրել էր. «Հելենը Լեռնային Ղարաբաղի բնակիչ էր, սովորում էր Հայաստանում, 5 օր առաջ մահացել է սարսափելի ավտովթարից։ Ադրբեջանը հրաժարվում է թույլ տալ, որ Հելենի մարմինը տեղափոխվի, այդ թվում՝ ԿԽՄԿ-ի միջոցով, հուղարկավորության համար»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ