Համացանցում լայնորեն տարածված սարսափելի տեսանյութը, որտեղ մայրը բռնություն է գործադրում անչափահաս դստեր նկատմամբ, մեծ զայրույթ է առաջացրել։ Բայցև շատերը մտավախություն են հայտնում, որ այս դեպքը կարող է պատրվակ հանդիսանալ ապազգային օրակարգերի, մասնավորապես՝ Ստամբուլյան կոնվենցիայի կրկին առաջ բերման համար։
Սահմանադրական իրավունքի մասնագետ, ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան էջում այս կապակցությամբ գրում է․
«Երեխայի նկատմամբ բռնության յուրաքանչյուր դեպք բացահայտելու և դրա համար պատասխանատվության լիարժեք իրավական հիմքեր կան, ուղղակի գործել է պետք, ուստի հուսանք, որ տեսանյութի հրապարակման պահը չի ընտրվել` ընտանիքի հիմքերը խարխլող խայտառակ ստամբուլյան կոնվենցիան առաջ մղելու նկրտումներով...»։
Փաստաբան, Արցախի Հանրապետության մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան էջում գրում է․
«2018թ. ադրբեջանաթուրքական հեղափոխության հետևանքով ձևավորված իշխանությունների «ծրագրային» աշխատանքի հետևանքով մեր պետության քաղաքացիները օր-օրի կորցնում են առանց այն էլ ցածր քաղաքական գիտակցությունը։ Կորցնում են սեփական ազգային շահի գիտակցումը, կորցնում են «հանրային իմունիտետը», կորցնում են ինքնապահպանության բնազդն իսկ։
Այդ թշնամական «ծրագրային աշխատանքի» մաս է մեր պետության քաղաքացիներին ներշնչելը, որ հայերը անարժան, թուլակամ, ամեն ստորության ունակ ազգ են։ Ոչնչություն են ու ոչնչի արժանի չեն՝ ո՛չ պետության, ո՛չ հայրենիքի, ո՛չ իրավունքի։
Վիժվածք կնոջ տեսանյութի տարածումը ես դիտարկում եմ հենց ա՛յս համատեքստում։ Նա անշուշտ պետք է խիստ պատժվի, բայց միայն այդքանը։ Մի՛ մասնակցեք, չգիտես ինչու, ամառը տարածված ձմեռային տեսանյութի հենքով ապազգային ու ինքնադատափետիչ օրակարգերի ձևավորմանը»։
Սահմանադրագետ, փաստաբան Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան էջում գրում է․
«Այն, որ այդ սարսափելի ոճիրի հեղինակ հարճը պետք է ցմահ փտի ճաղերի հետևում, դա ակնհայտ է. դրան պետք է ծնողական իրավունքներից զրկել, երեխաների անուն-ազգանուններն ու ծնողների վերաբերյալ տվյալներն էլ փոխվեն պաշտոնապես, որպեսզի հետագայում վերջիններիս (նկատի ունեմ երեխաներին) ապագան չկործանվի:
Բայց պակաս հարճորդի էլ չեն նրանք, ովքեր կփորձեն այդ ֆոնին որևէ ապազգային կոնվենցիայի վավերացման հարց բարձրացնել. որքան Հաագայի դատարանի որոշումն է պաշտպանում Արցախը, այնքան էլ կոնվենցիաները կարող են պաշտպանել մարդկանց»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը