15 08 2023

Կոչ ենք անում վերանայել Մաեստրոյի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը․ արվեստագետներ

Կոչ ենք անում վերանայել Մաեստրոյի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը․ արվեստագետներ

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի կալանավորումը վերանայելու հանրային պահանջին միացել են նաև այլ արվեստագետներ։

Նրանք բաց նամակ են հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին։ Արվեստագետները միջնորդում են, որպեսզի հաշվի առնվի Հայաստանի մշակութային կյանքում Սերգեյ Սմբատյանի բացառիկ դերակատարումը, գեղարվեստական տաղանդն ու անգնահատելի ներդրումը, և կոչ են անում պատկան ատյաններին վերանայել Մաեստրոյի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը։

Բաց նամակի տեքստը՝ ստորև.

«Մենք՝ արվեստագետներս, այս բաց նամակով մեր մտահոգությունն ու սրտանց աջակցությունն ենք հայտնում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Մաեստրո Սերգեյ Սմբատյանին:

Նրա ղեկավարությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը վերելք է ապրել և միջազգային ճանաչում ձեռք բերել՝ հարստացնելով Հայաստանի մշակույթը: Մաեստրո Սերգեյ Սմբատյանի նվիրումն իր երկրին և գործին արժանացել են հիացմունքի և ծափերի աշխարհի ամենահեղինակավոր բեմերում, որտեղ նա բազմիցս հպարտությամբ ներկայացրել է մեր երկիրը: Բազում նախագծեր միասին իրականացնելով՝ կարող ենք փաստել, որ հասարակության մեծ զանգված յուրահատուկ վերաբերմունք ունի նրա նկատմամբ և ընդունում է որպես իրենց ժամանակների արվեստի հերոս, ով ուղեկից է դարձել դեպի բարձր արժեքներ:

Ընդունելով նրա այս բացառիկ դերակատարումը, գեղարվեստական տաղանդն ու այն դրական ազդեցությունը, որը նա ունի Հայաստանի մշակութային կյանքում, դիմում ենք ձեզ՝ հաշվի առնել այդ անգնահատելի ներդրումն ու մեր երկրի մշակույթի զարգացմանն ու տարածմանը մատուցած ծառայությունները: Մենք բոլորս, նրա հավատարիմ հանդիսատեսը համախմբված ենք Սերգեյ Սմբատյանին աջակցելու հարցում և ամուր կանգնած ենք նրա թիկունքին:

Մենք ընդունում ենք, որ օրենքի գերակայությունը մեծ նշանակությունը ունի ցանկացած հասարակության համար, և մենք էլ, կարևորելով գործի քննությունը բացառապես իրավական ճանապարհով իրականացնելու անհրաժեշտությունը, խնդրում և միջնորդում ենք Սերգեյ Սմբատյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը վերանայել և չխոչնդոտել նրա ստեղծագործական ընթացքը:

Կամո Սեյրանյան, դուդուկահար, ՀՀ վաստակավոր արտիստ

Ռազմիկ Ամյան, երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ

Զարուհի Բաբայան, երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ

Նունե Եսայան, երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ

Շուշան Պետրոսյան, երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ

Ալլա Լևոնյան, երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ

Ավետ Բարսեղյան, հաղորդավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ

Արամայիս Հայրապետյան, ռեժիսոր

Նազենի Հովհաննիսյան, դերասանուհի

Հայկ Ղևոնդյան (Սպիտակցի Հայկո), երգիչ

Սարո Թովմասյան, երգիչ

Արամ Սարգսյան (Արամ MP3), երգիչ

Սոֆի Մխեյան, երգչուհի

Սոնա Ռուբենյան, երգչուհի

Իվետա Մուկուչյան, երգչուհի

Գարիկ Պապոյան, հաղորդավար, հումորիստ, երաժիշտ

Ռոլանդ Գասպարյան, («Ռեինկարնացիա«), երգիչ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ