Լեռնային Ղարաբաղ հումանիտար օգնություն տեղափոխող բեռնատարներն արդեն Կոռնիձորի սահմանային հատվածում են: Այս մասին տեղից հայտնում է «Լուրերի» թղթակիցը:
Հիշեցնենք, որ բեռնատարներում կա շաքարավազ՝ 60 տոննա, ձեթ՝ 40 տոննա, ալյուր՝ 100 տոննա, մակարոնեղեն՝ 80 տոննա, աղ՝ 20 տոննա, կաթի փոշի՝ 40 տոննա, մանկական սնունդ՝ 12 տոննա և 9 տոննա դեղորայք: Ընդհանուր առմամբ 19 բեռնատարներում 1-2 օրվա սպառման սնունդ է:
Ըստ ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանի՝ կապ է հաստատվել ՌԴ խաղաղապահ ուժերի հետ՝ բեռը տեղ հասցնելու հետ կապված:
Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը, որը Լաչինի միջանցք տանող ճանապարհին հետևում է Հայաստանից Արցախ հումանիտար բեռների տեղափոխմանը, լրագրողների հետ զրույցում ասել է, որ անձամբ Կոռնիձորում է, որպեսզի հանրության համար տեսանելի լինի այն, ինչ կատարվում է:
«Մեր առաքելության մեկնարկից ի վեր մենք պարեկություն ենք անում Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով, դիմակայության գծի երկայնքով, մշտադիտարկում ենք իրավիճակը սահմանին: Մենք այցելում ենք հակամարտությունից տուժած բնակավայրեր և զեկուցում ենք Բրյուսելին, թե ինչ է կատարվում այստեղ, և դրանով աջակցում ենք խաղաղության բանակցություններին և Եվրամիության խաղաղարար ջանքերին: Լաչինի միջանցք մտնող ճանապարհը մեր պատասխանատվության գոտում է, և մենք դիտարկում ենք, թե ինչ տեղի կունենա այստեղ այսօր՝ տեղյակ չլինելով, թե ինչ է կատարվում»,- ասել է նա։
Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը Սյունիքում է՝ Լաչինի միջանցք տանող ճանապարհին, և հետևում է զարգացումներին: Այս մասին առաքելությունը հայտնել է իր Թվիթերի միկրոբլոգում՝ հրապարակելով նաև լուսանկարներ:
«Այսօր Եվրոպական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը եվրոպացի մեր դիտորդների հետ ուշադիր հետևում է Լաչինի միջանցք տանող ճանապարհի տեղաշարժին՝ հայկական կողմից, որպեսզի առաջին ձեռքից ստույգ տեղեկատվություն ստանա ընթացիկ զարգացումների մասին»,- նշվում է եվրոպական առաքելության գրառման մեջ:
Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերն ու դիտորդները հետևել են դեպի Լաչինի միջանցքի մուտք տանող ճանապարհի երթևեկությանը։
Այս մասին հայտնել է առաքելությունն իր թվիթերյան միկրոբլոգում։
Նկարներում երևում է նաև Արցախի հումանիտար բեռ տեղափոխող մեքենաների շարասյունը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը