18 07 2023

Արցախում վառելիքի պակասն առավել զգալի է առողջապահական ոլորտի համար, քան դեղորայքինը

Արցախում վառելիքի պակասն առավել զգալի է առողջապահական ոլորտի համար, քան դեղորայքինը

Բացի դեղորայքի խնդրից, մեծ խոչընդոտներ է առաջացնում այն, որ վառելիքի սղության հետեւանքով մեր շրջանային բուժմիավորումներին չեն կարողանում արձագանքել, երբ նրանց անհապաղ օգնություն է անհրաժեշտ լինում։ Այս մասին հուլիսի 18-ին Արցախի Հանրային հեռուստաընկերության հետ զրույցում ասել է ԱՀ Առողջապահության նախարար Վարդան Թադեւոսյանը։

«Այժմ վառելիքի պակասն առավել զգալի է ոլորտի համար, քան դեղորայքինը։ Շնորհակալություն եմ հայտնում Կարմիր խաչին հիվանդների եւ դեղորայքի տեղափոխումներ կատարելու համար, ավաղ, վերջին օրերին դա կրկին արգելվեց։ Յուրաքանչյուր օրը մենք ծրագրում ենք տարբեր, ամենօր մեր գրաֆիկում փոփոխություններ են լինում, ամեն օր կազմակերպում ենք նախորդից տարբեր»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ եթե շրջաններում որեւէ մասնագետ չկա, անհապաղ կազմակերպում են մայրաքաղաքից նրանց այցն այնտեղ։

«Վառելիքը ոչ միայն շտապ օգնության մեքենաների աշխատանքն է ապահովում, այլև՝ էլեկտրաէներգիա, որը շատ անհրաժեշտ է մեր բուժմիավորումներում բժշկական սարքավորումների անխափան աշխատելու համար: Վառելիքի պակասը մենք զգում ենք օր օրի: Ամբողջ համակարգն անում է ամեն ինչ, որպեսզի ունեցածը խնայողաբար օգտագործվի: Միշտ չէ, որ օգտագործվում են էլեկտրականություն ապահովող շարժիչները: Կրճատել ենք շտապ օգնության մեքենաների թիվը: Փորձում ենք առաջին օգնությունը հեռավար ցուցաբերել, ինչը բերում է մեծ խնդիրների: Բնականաբար, եթե ժամանակին չես հասնում շահառուին, դա կարող է անդառնալի հետևանք թողնել: Ունենք երկու դեպք, երբ շտապ օգնության մեքենան ժամանակին չի հասել: Կարծում եմ, որ բժիշկների ցուցումով հիվանդներին կարելի էր փրկել, եթե հնարավոր լիներ ավելի արագ հասնել հիվանդանոց: Այդ դեպքերը, կարող են շատանալ վառելիքի խնայողաբար օգտագործելու պատճառով»-մանրամասնել է Վ. Թադևոսյանը՝ ընդգծելով, որ անհնար է դարձել ժամանակին արձագանքել շրջանների բուժմիավորումների խնդիրներին, երբ անհապաղ օգնություն է անհրաժեշտ Ստեփանակերտից:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ