18 07 2023

Երասխում արձանագրվել են մարդու հիմնարար իրավունքների խախտումները․ ՄԻՊ զեկույցը

Երասխում արձանագրվել են մարդու հիմնարար իրավունքների խախտումները․ ՄԻՊ զեկույցը

Մարդու իրավունքների պաշտպանն այսօր՝ հուլիսի 18-ին, հրապարակել է ՀՀ Արարատի մարզի Երասխ բնակավայրի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի գնդակոծությունների հետևանքով մարդու իրավունքների շարունակական խախտումների վերաբերյալ արտահերթ զեկույց:

Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից:

«Փաստաթղթում ներկայացվում են Պաշտպանի կողմից Երասխ բնակավայրում իրականացված փաստահավաք աշխատանքների արդյունքներով արձանագրված մարդու հիմնարար իրավունքների խախտումները։
Զեկույցում հավաքագրվել և վերլուծվել են 2023 թվականի հունիսին բնակավայրի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի կրակոցների հետևանքով մարդու իրավունքների խախտումները, ինչպես նաև ներկայացվում է մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերելի խնդիրները լուծելու համար առաջարկությունների փաթեթ։

2023 թվականի հունիսի 13-14-ին ադրբեջանական մարտական դիրքերից կրակահերթեր են արձակվել Երասխ բնակավայրի ուղղությամբ, հատկապես ինտենսիվ ու թիրախային գնդակոծության է ենթարկվել Երասխում օտարերկրյա ներդրումներով կառուցվող մետալուրգիական գործարանը: Կրակոցների հետևանքով վիրավորում է ստացել և բժշկական կենտրոն տեղափոխվել Հնդկաստանի երկու քաղաքացի։

Ադրբեջանական զինված ուժերի գործողությունների հետևանքով խախտվել են խաղաղ բնակչության կյանքի, հոգեկան և ֆիզիկական անձեռնմխելիության, սեփականության, կրթության, աշխատանքի, ձեռնարկատիրությամբ զբաղվելու և մի շարք այլ հիմնարար իրավունքները։

Արտահերթ զեկույցը թարգմանվելու է անգլերեն լեզվով և ուղարկվելու մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մանդատ ունեցող կազմակերպություններին և դերակատարներին, պետական իրավասու գերատեսչություններին»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ