18 07 2023

ԲԴԽ դատավոր անդամ ընտրելու և դատավորների անկախությունը երաշխավորող սահմանադրական մարմնի օրինական ձևավորման գործընթացը կրկին վտանգված է

ԲԴԽ դատավոր անդամ ընտրելու և դատավորների անկախությունը երաշխավորող սահմանադրական մարմնի օրինական ձևավորման գործընթացը կրկին վտանգված է

ՀՀ դատավորների միությունը հայտարարություն է տարածել, որում ասված է. 

«Հարգելի՛ դատավորներ,

2023 թվականի հուլիսի 19-ին կայանալու է դատավորների ընդհանուր ժողով, որի օրակարգում ի թիվս այլ հարցերի ներառված է նաև Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի ընտրության հարցը:

Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամ ընտրելու և դատավորների անկախությունը երաշխավորող սահմանադրական մարմնի օրինական ձևավորման գործընթացը կրկին վտանգված է:

Թեկնածուների ընտրությունը օրենքի պահանջներին հակառակ սահմափակվել է՝ մասնավորապես, ոչ անկախ մարմին հանդիսացող Դատական դեպարտամենտը ծանուցել է բացառապես ՀՀ մարզերի դատարանների դատավորներին՝ կրկին անտեսելով խորհրդի անդամի չափանիշներին համապատասխանող Երևան քաղաքի քրեական դատարանի դատավորների՝ ընտրվելու, իսկ դատավորներին իրենց անկախությունը երաշխավորող պատշաճ մարմին ձևավորելու իրավունքը:

Նշված շարունակական և անօրինական գործելակերպը լի է պետության համար բացասական մարտահրավերներով:

Ավելի վաղ՝ 2022 թվականի մարտի 22-ին ևս հայտարարվել էր Սահմանադրության համապատասխան Բարձրագույն դատական խորհուրդ ձևավորելու հնարավորությունը դեպարտամենտի կողմից խախտելու մասին:

Ուստի, կոչ ենք անում դատավորներին տեր կանգնել իրենց իրավունքներին և Սահմանադրության ճիշտ կիրառմանը՝ քանզի Դատական դեպարտամենտը չի կարող ըստ իր հայեցողության կամ այլոց թելադրմամբ մեկնաբանել, կանխորոշել և ձևավորել սահամանադրական անկախ մարմինը, որը պետք է երաշխավորի դատական իշխանության անկախությունը, իսկ վերոհիշյալ գործելաոճի բացասական հետևանքների կրողը դատավորներն են ու արդարադատության շահառուն՝ հանրությունը»։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ