Hetq.am –ը գրում է․
Իրաքի Էրբիլ քաղաքում Ֆրանսիայի նախկին գլխավոր հյուպատոս, արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական Օլիվիե Դեկոտինին նշանակվել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրամանագիրը Դեկոտինիի նշանակման մասին ստորագրվել է հուլիսի 6-ին և հրապարակվել Ֆրանսիայի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում։
Նորանշանակ դեսպանն իր լիազորությունների կատարմանը կանցնի հուլիսի 21-ից։ Նա այդ պաշտոնում կփոխարինի Անն Լույոյին, որը Հայաստանում Ֆրանսիայի դիվանագիտական առաքելությունը ղեկավարում էր 2021 թվականի օգոստոսից։
«Հետք»-ը գրում է՝ սովորաբար, Ֆրանսիայի դեսպանները պաշտոնավարում են 3 տարի։ Անն Լույոյի պաշտոնավարման երրորդ տարին լրանալու էր 2024 թվականի օգոստոսին։ Սակայն նոր դեսպանը նշանակվում է Լույոյի պաշտոնավարման ավարտից մեկ տարի շուտ։
«Արդյոք Անն Լույոն հետ է կանչվել»,-«Հետք»-ը հարցրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մամուլի կցորդ Տաիսիա Հովհաննիսյանին։
«Դեսպանը անձնական պատճառներից ելնելով է ժամանակից շուտ գնում»,- պարզաբանել է նա։
Օլիվիե Դեկոտինին կարիերային դիվանագետ է և Սորբոնի համալսարանի շրջանավարտ։ 2012-2015 թվականներին եղել է Իրանում ֆրանսիական դեսպանության երկրորդ խորհրդական, վերլուծություններ է գրել Իրանի միջուկային ծրագրի և Իրանի տարածաշրջանային քաղաքականության թեմաներով, որոնք հրապարակվել են նաև The Washington Institute-ում։ Մինչ այդ, Օլիվիե Դեկոտինին աշխատել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատում՝ զբաղվելով Լիբիայում, Բալկաններում և Կովկասում ՆԱՏՕ-ի ու ԵՄ-ի գործողություններով։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը