23 06 2023

Մեկնարկել է Արցախ ուղարկված մարդասիրական օգնության բաշխման հերթական փուլը

Մեկնարկել է Արցախ ուղարկված մարդասիրական օգնության բաշխման հերթական փուլը

Այսօր՝ հունիսի 23-ին, Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության կողմից մեկնարկել է բարեգործական կազմակերպությունների կողմից Արցախ ուղարկված մարդասիրական օգնության բաշխման հերթական փուլը:

 «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ օգնությունը տրամադրվում է մայրաքաղաքի թիվ 5, թիվ 6, թիվ 8, թիվ 9 և թիվ 11 դպրոցներում  ստեղծված  կենտրոններում:

«Այս պահին օգնությունը  բաշխվում է 63 տարեկանը լրացած աշխատանքային կամ սոցիալական կենսաթոշակառու անձանց, ովքեր ունեն հաշմանդամության կարգ կամ միայնակ են: Բաշխումն իրականացնելու ենք նաև հաջորդ շաբաթվա ընթացքում՝  բոլոր կետերում, դրանից հետո բոլոր հինգ կետերը փակվելու են, գործելու է միայն մեկը, որի մասին  նախապես հայտարարվելու է: Բոլոր այն քաղաքացիները, ովքեր իրենց հումանիտար օգնությունը  չեն ստացել, բայց հանդիսանում են շահառու, ապա կստանան վերջնական ձևավորված միայն մեկ կետից:  Բաշխումն այժմ կատարվում է միայն մայրաքաղաքում փաստացի բնակվողների համար։ Շրջաններում ապրողների համար այս փուլն իրականացվել է»,-մեզ հետ զրույցում ներկայացրել է ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության սոցիալական զարգացման ծրագրերի բաժնի պետ Հայկ Սողոմոնյանը։

Նրա իրազեկմամբ՝ տրամադրվող մարդասիրական օգնությունը կշռում է մոտ 18 կիլոգրամ՝ 14 անուն ապրանքատեսակով:

«Յուրաքանչյուր քաղաքացու  տալիս ենք երկու տոպրակ՝ կենցաղային իրերով և սննդամթերքով»,-հավելել է Հ. Սողոմոնյանը՝ ընդգծելով, որ մարդասիրական օգնությունն բաշխվում է ամենաօպտիմալ ձևով:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ