22 06 2023

Երեկ դատարանում միջնորդեցի կարճել ՀՅԴ-ական Արտավազդ Մարգարյանի նկատմամբ քրեա-քաղաքական վարույթը և դադարեցնել քրեական հետապնդումը․ փաստաբան

Երեկ դատարանում միջնորդեցի կարճել ՀՅԴ-ական  Արտավազդ Մարգարյանի նկատմամբ քրեա-քաղաքական վարույթը և դադարեցնել քրեական հետապնդումը․ փաստաբան

Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է․

Երեկ դատարանում միջնորդեցի կարճել ՀՅԴ Արտաշատ համայնքի ներկայացուցիչ Արտավազդ Մարգարյանի նկատմամբ քրեա-քաղաքական վարույթը և դադարեցնել քրեական հետապնդումը ՅԴ Արտաշատ համայնքի ներկայացուցիչ, Արտաշատ համայնքի ավագանու ՀՅԴ խմբակցության ղեկավար Արտավազդ Մարգարյանի վերաբերյալ քրեական վարույթով 2023 թվականի հունիսի 21-ին կայացավ նախնական դատալսումների առաջին նիստը։

Հիշեցնեմ, որ նշված քրեական գործով Արտավազդ Մարգարյանին և Գառնիկ Մանուկյանին շինծու քրեական վարույթի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, թե իբր վերջիններս 2022 թվականին ՀՅԴ կուսակցության կողմից հունիսին կազմակերպված հավաքներին մասնակցելու համար նյութապես շահագրգռել են մարդկանց, որպեսզի վերջիններս մասնակցեն այդ հավաքներին։

Առաջին դատական նիստում միջնորդեցի առանց գործի դատաքննության քրեական վարույթը կարճել այն հիմնավորմամբ, որ իսկզբանե վարույթը նախաձեռնվել է օրենքի կոպտագույն խախտմամբ։

Մասնավորապես, քննիչը վարույթը նախաձեռնել է ՀՀ ոստիկանության կողմից իրականացված համացանցի մշտադիտարկման արդյունքով հայտնաբերված ենթադրյալ հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու առթիվ։ Այսինքն՝ վարույթը նախաձեռնվել է քրեական դատավարության օրենսգրքի 173-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված կարգով, այն է՝ քննիչը պարտավոր է քրեական վարույթ նախաձեռնել, եթե առերևույթ հանցանքի մասին պատշաճ հաղորդումը ստացվել է օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնից, քննիչից, դատախազից կամ դատավորից` իր լիազորություններն իրականացնելու կապակցությամբ:

Սակայն պարզվում է, որ Քրեական ոստիկանությունը չունի այդպիսի լիազորություն։ Մասնավորապես, ՀՀ ոստիկանության լիազորությունները սահմանող օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերով այդպիսի լիազորությամբ ոստիկանությունն օժտված չէ։ Հետևաբար՝ Ոստիկանությունը չէր կարող այդպիսի հաղորդում ներկայացնել։ Իսկ քննիչն էլ իրավունք չուներ օրենքով չնախատեսված աղբյուրից ստացված հաղորդման առթիվ նախաձեռնել քրեական վարույթ։

Դատարանը որոշեց միջնորդությանս վերաբերյալ որոշման ընդունումը հետաձգել մինչև գործում առկա որոշ ապացույցների հետազոտումը։

Հաջորդ դատական նիստի ընթացքում քննարկվելու է հետազոտման ենթակա ապացույցների ծավալի և դրանց թույլատրելիության հարցերը, որը կլինի շատ հետաքրքիր, քանի որ վարույթն իրականացնողի ներկայացրած գրեթե բոլոր ապացույցներն անթույլատրելի ճանաչելու վերաբերյալ միջնորդություներ պիտի ներկայացնեմ։

Հաջորդ դատական նիստը նշանակվեց սեպտեմբերի 19-ին, ժամը 14:00-ին, որը տեղի կունենա Դատարանի Մասիսի նստավայրում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ