16 06 2023

ՊԵԿ-ը կանխել է ոչ ճշգրիտ տարանցման հայտարարագրերով հագուստի ու կոշիկի ներմուծման դեպքեր



ՀՀ ՊԵԿ Արևելյան մաքսատուն-վարչության Գոգավան-Պրիվոլնոյեի  մաքսային կետ-բաժնի մաքսային ծառայողների իրականացրած ուսումնասիրության արդյունքում  հսկողություն է սահմանվել Ղրղզստանի Հանրապետությունում հաշվառված երկու բեռնատար տրանսպորտային միջոցի  նկատմամբ։ Այս մասին տեղեկանում ենք ՊԵԿ-ից:

Այսպես, ԵԱՏՄ մաքսային օրենսդրության պահանջների համաձայն, օրերս մաքսային կետ-բաժնում հսկողություն իրականացնելու նպատակով նշված բեռնատար տրանսպորտային միջոցներն ուղարկվել են խորը զննման անգար։ Արդյունքում պարզվել է, որ տարանցման հայտարարագրերում բեռների վերաբերյալ տեղեկատվությունը  ճշգրիտ չէ։

Տրանսպորտային միջոցներից մեկում  հայտնաբերվել է շուրջ 4300 կգ ընդհանուր քաշով չհայտարարագրված ապրանք՝ հագուստ, կոշիկ, ռետինե խողովակներ, պաստառներ, ճամպրուկներ:

Պարզվել է նաև, որ ուղեկցող փաստաթղթերում ներկայացված ապրանքների և փաստացի առկա ապրանքների քաշերի մեջ կա անհամապատասխանություն. հայտարարագրված է եղել 17 522 կգ, սակայն ապրանքների իրական քաշը կազմել  է 13 296 կգ:

Մյուս բեռնատար տրանսպորտային միջոցի մաքսային զննման արդյունքում հայտնաբերվել է չհայտարարագրված 2.300 կգ քաշով նոր հագուստ։ Պարզվել է նաև, որ տարանցման հայտարարագրում նշված են եղել ոչ ճշգրիտ տեղեկություններ։ Մասնավորապես, հայտարարագրվել է 3.290 կգ կոկոսի մանրաթելի քաթան, սակայն բեռնատարի մեջ տվյալ ապրանքի փաստացի քաշը կազմել  է 572 կգ։

Փաստերի  առթիվ  կազմվել են  մաքսային  կանոնների  խախտման  վերաբերյալ  արձանագրություններ՝  «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 316 հոդվածի հատկանիշներով։

Ապրանքները  հիմնականում Ղրղզստանի, Չինաստանի, Ուզբեկստանի և Ռուսաստանի Դաշնության արտադրանք են: Բեռնատարները կապարակնքվել են և կայանվել  Գոգավան-Պրիվոլնոյեի մաքսային կետ բաժնի տարածքում»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ