14 06 2023

Պաշտպանության փոխնախարարը մանրամասներ է հայտնում Երասխում թշնամու կրակոցներից



 

Պաշտպանության փոխնխարար Արման Սարգսյանի խոսքով, Երասխի հատվածում իրավիճակը հարաբերականորեն կայուն է: «Որոշակի լարվածության միտում նկատվում էր, վերջին օրերին ադրբեջանական մամուլը և առհասարակ Ադրբեջանն ապատեղեկատվություն է տարածում եւ որպես կանոն, դրան հաջորդում է որոշակի քայլեր: Մենք հնարավորինս օպերատիվ տեղեկատվություն տրամադրում ենք եւ կշարունակենք տրամադրել»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նա՝ հավելելով, որ հետագայում կպարզվի՝ ադրբեջանցիները թիրախավորել էին կոնկրետ քաղաքացիներին, գործարանը, թե ոչ։

«Չեմ կարող ասել լայնածավալ գործողությունների վերածվելու, թե ինչ-որ լրացուցիչ էսկալացիային ուղղված քայլեր իրականացվում են, բայց որ սա չի նպաստում բանակցային գործընթացին և բացասական հետեւանքներ է առաջացնում և վնասում այդ գործընթացին, դա ակներև է: Որպես կանոն նմանատիպ դեպքերում, որոշակի էսկալցիայի համար հող նախապատրաստելուց հետո ձեռագիրը կարծես նույնն է, և նորից շարունակում են փոքր լոկալ խնդիրներ ստեղծել»:

Փոխնախարարն ասաց, որ իր տեղեկություններով՝ դրանք հեռահար կրակոցներ են, թշնամին առաջխաղացում չի ունեցել։ «Ամեն դեպքում, որևէ խուճապի կարիք չկա, որովհետև մենք ապրում ենք մի տարածաշրջանում մի երկրում, որն անընդհատ կարծես սովորել է այս լարված իրավիճակում ապրելուն: Պետք է լինենք զգոն, ամեն դեպքում վստահ, որ մեր զինված ուժերը և ուժային ստորաբաժանումները անհրաժեշտության դեպքում համարժեք պատասխան տալիս են ու կտան, սակայն ցանկալի չէ սրել»,- ասաց փոխնախարարը:

Հիշեցնենք, որ այսօր՝ հունիսի 14-ին, ժամը 11:45-ի սահմաններում Երասխում կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ Ադրբեջանի սադրանքի հետևանքով վիրավորում է ստացել գործարանում աշխատող երկու հնդիկ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ