«Pegasus-ը լրտեսական ծրագիր է, որը ներդրվում է հեռախոսի մեջ: Pegasus-ի դեպքում անգամ չեք էլ իմանում, որ ձեզ վարակել են»,- Մեդիա կենտրոնում կայացած ասուլիսում նշեց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը: Նրա խոսքով հիշյալ գործիքն անընդհատ կատարելագործվում․ « Կային դեպքեր, երբ Pegasus-ը քլիքով էր տարածվում, լինում էր՝ iMessage-ի կամ WhatsApp-ի զանգի միջոցով, անգամ եթե չես պատասխանում: Այս պահին չգիտենք, թե դա ոնց է տարածվում»:
«Pegasus-ը տասնյակ նմանատիպ վիրուսներից մեկն է շուկայում: Կա լրիվ օրինական, լեգիտիմ շուկա, որտեղ բազմաթիվ կազմակերպություններ պետական կառույցներին վիրուսներ են վաճառում: Իրենք ազատ վաճառքի չեն դնում, որպեսզի հետո իրենց չթիրախավորեն, գործեր չհարուցեն իրենց դեմ: Իրենք ուղղակի տալիս են ինչ-որ մի երկրի հատուկ ծառայությունների կամ ոստիկանությանը եւ պայմանագիր են կնքում, որ այն կիրառվելու է միայն հանցագործների դեմ»։ Նա հավելեց, որ Pegasus-ը մշակել է NSO Group իսրայելական կազմակերպությունը, որը ստեղծել են նախկին զինվորականներ. «Apple-ը սկսեց ծանուցումներ ուղարկել այն պահից, երբ դատի տվեց NSO Group-ին, որովհետեւ ապօրինի կերպով կոտրվում են Apple-ի հեռախոսները, եւ մարդիկ ապօրինի վարակվում են: Իբր Pegasus-ը վաճառվում է ահաբեկիչներին, ծանր հանցագործներին գաղտնալսելու համար, բայց իրականությունն այլ է Հայաստանի դեպքում՝ լրագրողներ, իրավապաշտպաններ, ընդդիմադիր քաղաքական գործիչներ…Ընդ որում NSO Group-ը հայտնում է, որ ինքը թույլ չի տալիս միջպետական վարակումներ, բայց Հայաստանի դեպքում տեսնում ենք, որ այն կիրառվել է մի երկրից մեկ այլ երկրի դեմ, ընդ որում՝ ռազմական գործողությունների ժամանակ: Սա փաստացի կիբեր-զենքի կիրառում է մի երկրի կողմից մյուսի դեմ»:
Սամվել Մարտիրոսյանի խոսքով՝ ներկայում NSO Group-ի դեմ լուրջ դատական գործընթացներ են սկսվել, ամերիկյան կառավարությունը, Apple-ը դատի են տվել վերջինիս. «Մեր դեպքում խոսքը զուտ մեկ-երկու լրագրողի գաղտնալսելու մասին չէ, այլ փաստացի պատերազմի ժամանակ կիբեր-զենքի կիրառման, ակնհայտորեն նաև քաղաքացիական թիրախների մասին»:
Հարցին, թե՝ որքանով են անվտանգ ՊՆ «Nokia» հեռախոսսերը,, փորձագեն ասաց, որ Եթե սահմանի մոտ խոսում եք ՊՆ «Nokia» հեռախոսով, թշնամին ամբողջությամբ կարողանում է լսել։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը