27 05 2023

Միջդիրքային ճանապարհին հայտնաբերվել է որոնվող 2 զինծառայողների կողմից շահագործվող մեքենան. ՊՆ

Միջդիրքային ճանապարհին հայտնաբերվել է որոնվող 2 զինծառայողների կողմից շահագործվող մեքենան. ՊՆ

Միջդիրքային ճանապարհին հայտնաբերվել է մայիսի 26-ին՝ ժամը 19:00-ից որոնվող  ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողների կողմից շահագործվող թիկունքային մատակարարման ավտոմեքենան, որը բեռնված էր սննդով և ջրով՝ նախատեսված մարտական հենակետերի համար:  Հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

Մայիսի 26-ին` ադրբեջանական լրատվամիջոցները, ապա Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը ապատեղեկատվություն տարածեցին այն մասին, թե իբր հայկական կողմը դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել, ձերբակալվել են ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողներ: 

Կրկին հայտնում ենք, որ Ադրբեջանի սահմանապահ ծառայության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր հայկական կողմը դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել, բացարձակ սուտ և ապատեղեկատվություն է. հայկական կողմն ունի բավարար ապացույցներ այն հերքելու համար, որոնք կներկայացվեն միջազգային գործընկերներին: 

Հայտնաբերված մեքենայում նաև առկա է զինծառայողներից մեկին ամրակցված զենքը, ինչը փաստում է, որ անգամ մեքենայից դուրս գալու և տեղանքում չկողմնորոշվելու դեպքում զինծառայողները չէին կարող դիվերսիոն նպատակներ ունենալ:

Ադրբեջանի կողմից հայ զինծառայողների ապօրինի առևանգման հանգամանքները բացահայտելու ուղղությամբ տարվում է լայնածավալ աշխատանք:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ