Պատերազմում զոհվածների ծնողներին միավորող կազմակերպությունն այսօր հայտարարել է ակտիվ պայքար սկսելու մասին․
Հայտարարությունն ամբողջական՝ ստորև․
«Հայրենիքի օրհասական վիճակով իսկապես մտահոգ քույրեր և եղբայրներ, 2020 թվականի Արցախյան 44 -օրյա պատերազմից հետո սկիզբ առած գործընթացները, ցավոք, մեզ թույլ չեն տալիս լուռ սգալ մեր որդիների կորուստը, քանզի պետականության շարունակական գահավիժումը, քաղաքական և իրավական փակուղին, անպատժելիության և երկակի ստանդարտների մթնոլորտը շարունակում են իրենց ձախավեր ընթացքը։
Այս իրավիճակում մենք հայրենիքին ամենաթանկը՝ մեր որդիներին նվիրած ծնողներս, բախվելով իրավական պատնեշների, քաղաքական անելանելիության, բարոյական վարքականոնների փլուզմանը և պայքարելով այդ ամենի դեմ իրավական մեթոդներով, հանգել ենք այն գիտակցման, որ այս իրավիճակից կարող ենք դուրս գալ միասնական քաղաքական ու քաղաքացիական պայքարի միջոցով։
Ուստի մենք՝ «Որդիների կանչ» հասարակական կազմակերպությունը, որոշում ենք ընդունել սկսել ակտիվ պայքար՝ դիրքավորվելով որպես այդ պայքարի առաջամարտիկ (շարժիչ ուժ) և հետապնդելով բացառապես ոչ անձնական նպատակ՝ համախմբել Հայաստանի բոլոր կարող ուժերին, ում համար թանկ է պետականությունը և հայրենի հողը, որը բառիս բուն և փոխաբերական իմաստով ներծծված է մեր որդիների արյամբ։
Այս խորհրդանշական և նախկինում հաղթական օրը մենք հայտարարում ենք, որ սկսում ենք նախաձեռնողական պայքար հանուն մեկ նպատակի՝ կասեցնել պետականության գահավիժումը և Հայաստանը դարձնել զարգացած ու անվտանգ պետություն։ Համադրելով անվիճելի իրողությունները, ինչպես նաև մեր անձնական պայքարի դառը փորձը՝ մենք արձանագրում ենք, որ այդ նպատակին հասնելու արդյունավետ և իրատեսական բոլոր ծրագրերի գլխավոր նախապայմանը ներկայիս իշխանության հեռացումն է։
Ուստի մեր առաջիկա քայլերն են լինելու՝
- Հասնել կառավարության հրաժարականին,
- Ձևավորել ազգային կառավարություն,
- Հայաստանի, Արցախի և Սփյուռքի առկա ռեսուրսների ու իրական շահակիցների՝ մեր դարավոր բարեկամ հարևանների ու դաշնակիցների հետ միասին կառուցել անվտանգային նոր ճարտարապետություն՝ այդպիսով ապահովելով մեր պետության շարունակական զարգացումը և հասարակական խաղաղ գործունեությունը,
- Կասեցնել համատարած բարոյալքումն ու արժեզրկումը, իսկ հերոսաբար նահատակված զինծառայողների ծնողների հանդեպ ամրագրել հասարակական ընդգծված հարգանքի և պետական երախտագիտության ինստիտուտը. սա դիտարկում ենք որպես մեր պետության և հասարակության գաղափարական, քաղաքացիական, բարոյական ամենակարևոր արժեհամակարգի հիմնասյուն:
Այս քայլերին հասնելու համար մենք ավելի քան վճռական ենք՝ համոզված, որ ներկայումս հենց այդ վճռականության շնորհիվ է հնարավոր հասնել բեկման ու փոփոխությունների։ Մենք բարձր ենք գնահատում բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների և անհատ քաղաքացիների կատարած այն ահռելի աշխատանքը, որը արվել է 2020 թվականի աղետալի պատերազմից հետո:
Միաժամանակ փաստում ենք, որ այդ պայքարին ինչ-որ բան պակասում էր, միգուցե՝ վճռականությունը: Այդ իսկ պատճառով դիմում ենք բոլոր հասարակական ու քաղաքական ուժերին միանալ մեր սկսած պայքարին։ Միասի՛ն կասեցնենք պետականության անկումն ու ապահովենք Հայաստանի իրական ինքնիշխանությունն ու հաջորդական զարգացումը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը