05 05 2023

Բացահայտվել է ՊՆ պաշտոնյայի կողմից կաշառք ստանալու դեպք



ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քաղաքացու կողմից տրված հաղորդման հիման վրա իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու դեպք:

Հակակոռուպցիոն կոմիտեից  հայտնում են, որ մասնավորապես՝ Հակակոռուպցիոն կոմիտեում  նախաձեռնված վարույթով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ-ում քաղաքացիություն ստացած Մ. Վ.-ն անձնագիր ստանալուց առաջ զինված ուժերում հաշվառման կանգնելու համար 2023 թվականի մայիսի 2-ին համապատասխան փաստաթղթեր է ներկայացրել ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայություն: Այնուհետև նույն օրը հիշյալ քաղաքացուն զանգահարել և առաջարկել են փաստաթղթերն ավելի վաղ ժամկետում տրամադրելու, ինչպես նաև հետագայում վարժական հավաքներին չկանչելու գործընթացը կազմակերպելու դիմաց 150.000 ՀՀ դրամ կաշառք տալ Պաշտպանության նախարության պաշտոնատար անձին:

Դրանից հետո քաղաքացին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե՝ իրենից կաշառք պահանջելու վերաբերյալ, որի հիման վրա Կոմիտեում նախաձեռնված վարույթի շրջանակում իրականացվել է «Կաշառք տալու նմանակում» գաղտնի քննչական գործողություն, որի ընթացքում ՊՆ զորակոչային և զորահավաքային ծառայության պլանավորման և վերլուծության բաժնի սպա, մայոր Ս. Մ.-ն քաղաքացի Ռ. Գ.-ի օժանդակությամբ 150.000 ՀՀ դրամ կաշառք է ստացել Մ.Վ.-ից:

Կաշառք ստանալուց անմիջապես հետո մայոր Ս. Մ.-ն և վերջինիս օժանդակած անձը՝ Ռ. Գ.-ն, Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության աշխատակիցների կողմից ձերբակալվել են ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 46-435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետերով նախատեսված արարքներ կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով:

Կատարվում է նախաքննություն:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ