Բեռնատարների վարորդները, ֆերմերները ահազանգում են, որ օրերով չեն կարողանում գյուղմթերքն արտահանել Ռուսաստանի Դաշնություն, ֆեյսբուքում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գառնիկ Դանիելյանը։
«Վրաստանում տեղեկացնում են, որ հայկական բեռնատարների մուտքը արգելելու որոշում կայացրել է ռուսական կողմը։
Հայկական բեռնատարները արդեն օրեր շարունակ կանգ են առել Վրաստանում՝ սպասելով որևէ պարզաբանման։
Այս ամենի արդյունքում, լրջագույն վնասներ կարող են կրել ջերմոցային տնտեսությունները։ Իսկ առաջիկա ամիսներին, երբ մեկնարկի ծիրանի և այլ մրգերի սեզոնը, կարող է ամբողջովին վտանգվել գյուղատնտեսության այս ճյուղը։
Խնդրի կապակցությամբ հարցումներ եմ ուղղել Էկոնոմիկայի նախարարության ու ՊԵԿ-ին։
Հայկական կողմը պետք է պարզաբանում պահանջի և կիրառի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ խնդրին հրատապ լուծում տալու համար», - գրել է պատգամավորը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը